Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր նախաձեռնությամբ հանդիպումներ է ունեցել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի, Հայաստանում Միացյալ Նահանգների փոխդեսպան Քրիսթոֆեր Սմիթի (դեսպանին փոխարինող), Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթի եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։

Հանդիպումների ընթացքում Մարուքյանը բարձրացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի, Թուրքիայի դերակատարման եւ Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման հետ կապված հարցերը։

Մարուքյանի կողմից հատկապես շեշտադրվել է, որ Արցախի հիմնախնդիրը ռազմական լուծում չունի, իսկ սանձազերծված ագրեսիան պետք է օր առաջ դադարեցվի բոլոր հնարավոր միջոցներով:

Դեսպանները ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումն ու գործադրվող ջանքերն իրավիճակի շուտափույթ կարգավորման ուղղությամբ՝ ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի շրջանակներում: ԵՄ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է ԵՄ դիրքորոշումը եւ ձեռնարկվող ջանքերը իրադրության վերաբերյալ: