Գիշերվա ընթացքում Ստեփանակերտից Երևան տեղափոխել ենք հեմոդիալիզի կարիք ունեցող Արցախի քաղաքացիներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջպահության նխարարությունը:

Էկոնոմիկայի նախարարությունն ապահովել է քաղաքացիների կացության համար բարձրակարգ հյուրանոց, մեր կողմից կազմակերպվել է ծրագրային հեմոդիալիզի ծառայության մատուցման հնարավորությունը:

Բնականաբար, կացությունը հյուրանոցում, սնունդը, տեղափոխումը հյուրանոցից հիվանդանոց և բժշկական օգնությունն անվճար է՝ պետական ֆինանսավորման ներքո:

Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ինքնուրույն տեղափոխվել են ՀՀ տարածք և ունեն հեմոդիալիզի կարիք, կարող են դիմել առողջապահության նախարարություն:

Մեր կողմից անհապաղ կկազմակերպվեն թե կացության հարցերը Երևանում, թե պատշաճ բժշկական օգնությունը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայություն' 8003 հեռախոսահամարով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 3-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 14 ինքնաթիռ, 123 անօդաչու թռչող սարք, 355 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 2745 զոհ, ավելի քան 4570 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։