Ֆրանսիայում քաղաքական գործիչներն իշխանությանը կոչ են արել հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չեզոքությունից և վճռականորեն դատապարտել ադրբեջանական ագրեսիան։ Ֆրանսիացի 173 քաղաքական գործիչների համատեղ հայտարարությունը հրապարակել է Le Journal du Dimanche շաբաթականը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նամակում քաղաքական գործիչներն ասել են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում Ֆրանսիան՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ միասին, հղում անելով իր չեզոք դիրքին, մի քանի տասնամյակ շարունակ աշխատել է այնպիսի լուծում գտնելու վրա, որն առաջին հերթին կերաշխավորեր բնակչության անվտանգությունն ու խաղաղությունը։ Սակայն 2020 թվականի վերջին իրադարձություններից հետո Ֆրանսիան պետք է վերանայի իր ռազմավարությունը․ «Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը սկսեց պատերազմ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, որտեղ հարձակումների են ենթարկում քաղաքները և բնակչությանը։ Այս հարձակումն անհանդուրժելի ագրեսիայի դրսևորում է Ֆրանսիայի բարեկամ երկրի նկատմամբ»։

Քաղաքական գործիչները նաև նշել են, որ Թուրքիան եռանդուն կերպով հրահրում է հակամարտությունն՝ ադրբեջանցիներին  ռազմատենչ կոչեր հղելով․ «Այս հռետորաբանության հետևանք էր նաև թուրք ուլտաազգայնականների հարձակումը հուլիսի 24-ին Դենիս-Շարպյո քաղաքում  կայացած հայկական ակցիայի մասնակիցների վրա»։

 

Այս հայտարարության տակ ստորագրել են նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, նախկին վարչապետ Բերնար Կազնեվը, ինչպես նաև այլ սենատորներ, քաղաքապետեր և պատգամավորներ։