Ընտրությունից ընտրություն մեր երկիրը զարթոնք է ապրում։ Մի քանի օրվա ընթացքում արվում է այնքան բան, որքան անգամ մեկ տարվա ընթացքում չի արվում: Երբ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը խոսում է ընտրությունների՝ մասնավորապես Երևանի ավագանու ընտրությունների մասին, և շեշտում, որ այն կենցաղային բնույթի է, ակամայից ջրի երես են դուրս գալիս բոլոր մնացած կուսակցությունների՝ այս ընտրություններին ունեցած քաղաքական մոտեցումները:

Սկսենք նրանից, որ հենց ՀՀԿ-ն է թելադրում ընտրությունների բնույթը՝ սկսած նախագահականից: Փետրվարի 18-ին կայացած ընտրությունները միանշանակ քաղաքական բնույթ էին կրում և դա այլ կերպ պատկերացնելն ուղղակի անհնար կլիներ, իսկ ահա նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունները գալիս են ապացուցելու, որ կենցաղայնությունն այն թուրմն է, որի շնորհիվ հենց ՀՀԿ-ականները ձևակերպում են իրենց հաղթանակը և հենց սա էլ հանդիսանում է Սերժ Սարգսյանի այն խոսքերի ու մտքերի գրավականը, որ Երևանի ավագանու ընտրություններն ունենալու են «կենցաղային» բնույթ:

Մինչ Հայաստանում ծաղկում է պոպուլիստական հայտարարություններով հագեցած «փոխելու ջատագովների» աճի բուռն գործընթացը, որոնց առաջամարտիկները զբաղվում են միայն տեսաբաններին հատուկ գործողություններով, ՀՀԿ–ն իր հերթին զբաղվում է Սերժ Սարգսյանի խոսքերն աքսիոմա դարձնելու խիստ կարևոր «գործով»։

Ավելի կոնկրետ՝ ՀՀԿ-ականներն ընտրություններից դեռևս մեկ ամիս առաջ արդեն իսկ անում են այն, ինչ չէին արել երկար ու ձիգ տարիների ընթացքում. մասնավորապես՝ այս կարճ ժամանակահատվածում՝ ավելի կոնկրետ այս երկու օրվա ընթացքում, Երևանի յուրաքանչյուր թաղամասում գործի են լծվել բոլորը՝ թաղապետերից սկսած մինչև թաղային հեղինակություններ, և կարելի է նկատել, որ նրանք իրենց պարտականությունները բավականին կանոնավոր ձևով էլ իրականացնում են:

Այս երկու օրերի ընթացքում միայն Մալաթիա-Սեբաստիա համայնքում իրականացվել են մեծամասշտաբ ասֆալտապատման աշխատանքներ՝ շենքերի բակերից սկսած մինչև գլխավոր փողոցներ, մինչդեռ Տարոն Մարգարյանի ողջ պաշտոնավարման ընթացքում նմանատիպ աշխատանքներ բացարձակապես չեն կատարվել: Նմանատիպ գործընթացներ տեղի են ունենում Երևանի մյուս համայնքներում ևս:

Այսինքն՝ ընտրությունները՝ նամանավանդ դրանում արդյունքի հասնել ցանկացող ՀՀԿ–ի համար, այն վաղուց դարձել է կենցաղային բնույթի ու Վարդան Օսկանյանի այն վերլուծությունները, որ այս ընտրությունները կրում են խիստ քաղաքական բնույթ, այնքան էլ տեղին չէ, իհարկե այս ընտրությունները կարելի է համարել քաղաքական բնույթի, բայց ոչ այն աստիճանի, որը ներկայացնում են ԲՀԿ-ականները, քանզի կենցաղայնությանը ՀՀԿ-ն արդեն շուտվանից սովորեցրել է քաղաքացիներին և դա նաև մեծամասամբ այն օլիգարխների շնորհիվ, որոնք չկան և որոնց մոտ թղթերով ամեն ինչ կարգին է:

Կենցաղայնությունից զատ նաև հատկանշական պետք է լինի ավագանու ցուցակի անկախությունն ու հեղինակության բարձր մակարդակը, ինչպես նաև որոշումներ ընդունելու ունակությունը և դա նույնպես ՀՀԿ-ականների մոտ բավականին լավ ստացվում է: Հիշենք միայն այն, որ Տարոն Մարգարյանը խիստ նկատողություն է արել մետրոպոլիտենի տնօրենին՝ մետրոյի տարածքում ապօրինի շինարարության համար: Սա միայն խաղ է՝ Տարոն Մարգարյանի կտրուկ քայլերը գովազդելու, քաղաքում անպատժելիության մակարդակն իբր զրոյի հասցնելու, կարճ ասած՝ ամենապրիմիտիվ PR։ Դա վառ ապացույցն այս հարցն է. մի՞թե մետրոպոլիտենի տնօրենն այս քաղաքից չէ և մի՞թե մտածում էր, թե այդ շինարարությունն աննկատ կմնա, այստեղ են ասել՝ մեղսավոր միամտություն:

Այսպիսով, այս ընտրությունները ևս արդեն իսկ կրում են «կենցաղային» բնույթ՝ ասֆալտապատման, գազոնների թարմացման և նկատողություններ հեղինակելու ամենապրիմիտիվ գործոններով հանդերձ, որոնք, սակայն, արդեն փոխելու ժամանակն է, իսկ «փոխելու ջատագովները» միայն «բազմանում են»՝ առանց անհրաժեշտ գորողությունների:

Գևորգ Ավետիսյան