Կառավարության վաղվա նիստում կհաստատվեն 2013-2014 ուսումնական տարվա' պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ընդունելության տեղերը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն առաջարկում է այս տարի անվճար ուսուցման (պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով) 2126 տեղ հատկացնել պետական բուհերին, որից 1588-ը' կրթության և գիտության նախարարության բարձրագույն ուսումնական հաստատություններին, 488-ը' պաշտպանության նախարարությանը, իսկ 50-ը պահուստային տեղեր են: Առանց ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինան­սավորման, բայց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով 165 տեղերից 30-ը կտրամադրվի պաշտպանության նախարարությանը, 70-ը' Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանին, 35-ը' Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամին, 15-ը' Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա հիմնադրամին, ևս 15-ը' Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամին: Բուհերին կհատկացվի նաև պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, բայց առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի 258 տեղ: Ինչ վերաբերում է ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ, առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի (վճարովի) հատկացվելիք տեղերին, ապա դրանց թիվը ՀՀ բուհերում կկազմի 19 հազար: