ՀՀ առողջապահության նախարարի խոհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եկել եմ ձեզ մի բան խնդրեմ... Մենք պետք է զինվորի թիկունքը ամուր պահենք, այս օրերին ամբողջ հայության ուշադրությունը սահմանին է, բայց մեր հզոր տղերքը շատ ավելի հանգիստ կզգան իրանց, որ իմանան իրենց հարազատները առողջ են: Ցավոք, մի քանի օր շարունակ կորոնավիրուսով վարակման դեպքերը շատացել են, այսօր արդեն 745 նոր դեպք է արձանագրվել: Հասկանում եմ, որ այս օրերին բոլորիս մեկ է մեր մրսածությունը, մեկ է հազը, մեկ է բարձր ջերմությունը, միայն մի բան է մեր մտքում և սրտում՝ լինել զինվորի կողքին: Առողջ մնալն էլ մեծ օգնություն է, ժողովո՛ւրդ ջան, տարվա սկզբից առողջապահական համակարգը գերծանրաբեռնված պայքարում է կորոնավիրուսի դեմ, և երկու շաբաթ էլ մեր բուժաշխատողները պայքարում են վիրավորների կյանքի համար: Բժիշկները պատերազմում են երկու ֆրոնտով: Ու ամեն նոր դեպքով ծանրաբեռնվում է առողջապահական համակարգը:

Ընդամենը մի փոքրիկ բան եմ խնդրում՝ կրե՛ք դիմակներ, պահպանե՛ք սոցիալական հեռավորություն, կարծում եմ՝ մեծ բան չեմ խնդրում... Վստահեցնում եմ ձեզ, մեր զինծառայողները շատ ավելի լավ կզգան իրենց, եթե իմանան, որ իրենց ծնողները, տատիները և պապիկները, քույրերը և եղբայրները առողջ են: Եկեք միասին պինդ պահենք զինվորի թիկունքը»,- գրել է Աշոտ Սարգսյանը: