Թուրքիան արգելել է իր օդային տարածքով Ամերիկայի Միացյալ Նահանգներից 100 տոննա մարդասիրական օգնությունը հասցնել Հայաստան: Այս մասին հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Այս օրերին աշխարհի տարբեր երկրներից' Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, եվրոպական երկրներից, Ջավախքից, Թբիլիսիից Հայաստան է փոխանցվել մոտ 700 տոննա հումանիտար օգնություն, և այս օգնությունը շարունակվում է: Նաև 100 տոննա օգնություն կա, որը պատրաստ է ԱՄՆ-ից գալ Հայաստան, սակայն Թուրքիան արգելել է իր օդային տարածքով, նույնիսկ, մարդասիրական օգնություն հասցնելը, որի հետևանքով այս թռիչքը հետաձգվում է»,- ասել է Սինանյանը: