«Սև հովազ» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանին Ստեփանակերտի հիվանդանոցում վիրահատելուց հետո տեղափոխել են Գորիս, որպեսզի այստեղից տեղափոխեն Երևան։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ այս պահին ճշտում է արդեն տեղափոխվե՞լ են Երևան, թե՞ ոչ։ 

Նա նշեց, որ Ռուստամ Գասպարյանի վիճակը ծանր է․ «Բեկորային վնասվածքներ է ստացել գլխի և մարմնի տարբեր հատվածներում։ Ստեփանակերտում վիրահատությունն անցել է բարեհաջող, գիտակցությունը տեղն է, սակայն վիճակը, ընհանուր առմամբ, գնահատվում է բավականին ծանր»,-ասաց նա։

Ավելի վաղ՝ տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանի կողմից սկսած մարտական գործողությունների ընթացքում զոհվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի 26-ամյա որդին, իսկ Գասպարյանը՝ ծանր վիրավորվել։