ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Ադրբեջանի Զինված ուժերի կողմից հայ գերիներին սպանելու դեպքը համարում է հակառակորդի բարբարոսության խորության ցուցադրումը: Այս մասին Մնացականյանն ասաց Հունաստանի Արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Դա նորից ի ցույց է դնում բարբարոսության խորությունը և սա առաջին անգամը չէ: Նորից ի ցույց է դնում, որ Մենք ուղղակի պայքարում ենք մեր հայրենակիցների գոյության համար, և որևէ բան մեզ հետ չի պահի դրանից: Նորից ուզում եմ խորապես խոնարհվել բոլոր այդ խիզախների առաջ, որ հիմա կռվում են դրա համար: Մեր գործը լինելու է միջազգային հանրությանն ամենախիստ ձևով ի ցույց դնելու խորությունն այս բարբարոսության, թե ինչի հետ մենք գործ ունենք»,- ասաց Մնացականյանը:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ այս հակամարտության էությունն է այն, որ ցանկացած քաղաքակիրթ, ցիվիլիզացիոն նորմերը ենթարկվում են ուղղակի ջախջախման: