Բրիտանական Bellingcat հետաքննական լրագրության մասնագիտական հարթակը, փաստերի ստուգմամբ և աղբյուրների հետազոտությամբ,  ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի բանակի զինվորների կողմից հայ ռազմագերիների գնդահակահարության թեմայով, խորը վերլուծություններով ցույց տվել անհերքելին՝ տեսանյութում հենց ադրբեջանցի զինվորներներն են, իսկ սպանվածներն այն նույն հայերը, որոնց գերեվարելու պահը ֆիքսվել էր տարածված մեկ այլ տեսանյութով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռազմական հետազոտող Նիք Ուոթերսը Bellingcat-ի հետաքննական թիմի հետ համատեղ մանրամասն ուսումնասիրել է Տելեգրամի ադրբեջանական ալիքներով տարածված, այնուհետև հեռացված երկու տեսանյութերը, պարզել, որ առաջինում ադրբեջանցի զինվորները ակնհայտորեն գերեվարում են երկու հայերի: Իսկ երկրորդ տեսանյութում սպանվածները կարծես թե նույն երկու մարդիկ են:

Հոդվածում նշվում է, որ առաջին տեսանյութն ի սկզբանե տեղադրվել է Տելեգրամի ադրբեջանական ալիքների կողմից՝ նշելով, որ երկու տղամարդիկ գերեվարված հայ զինվորներ են: Նշվում է, որ հետագայում այս գրառումներից շատերը ջնջվել են կամ փոխարինվել են Ադրբեջանի ՊՆ-ի կողմից՝ տեսանյութերի կեղծ լինելու պնդումներով: Օրինակ  Տելեգրամի ադրբեջանական հայտնի ալիքներից մեկը ջնջել է գրառումը և պնդել, թե տեսանյութերը բեմադրված են, քանի որ ձերբակալվածները «շատ կոկիկ են ընկել»: Հետաքննողների խումբն այնուամենայնիվ շեշտել է՝ բազմաթիվ հիմքեր կան կարծելու, որ տեսանյութն իրական է:

Հետաքննողների խումբը տարբեր աղբյուրներից վերլուծություններով ապացուցել է, որ տեսանյութի զինվորների սաղավարտներն իսկապես ադրբեջանական հատուկ ջոկատայինների սաղավարտներ են, զինվորները միմյանց հետ խոսում են ադրբեջաներեն: Իսկ ադրբեջանական կողմի պնդումները, թե իբր տեսանյութում հայ զինվորներ են, քանի որ նրանցից մեկը կարմիր թևկապ է կրում, չի համապատասխանում իրականությանը: Հետաքննողների խումբը ցույց է տվել, որ ավելի վաղ էլ ադրբեջանցի զինվորներին ֆիքսել են՝ կարմիր թևկապով:

Նշվում է նաև, որ չնայած երկրորդ տեսանյութում հնարավոր չէ տեսնել սպանված մարդկանց դեմքերը, սակայն նրանց հագուստը համընկնում է առաջին տեսանյութի տղամարդկանց հագուստի հետ:

Հոդվածում նշվում է, որ այնուամենայնիվ, մանրամասն վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ երկու տղամարդիկ իսկապես հայերեր են, ովքեր հոկտեմբերի 9-15-ը ընկած ժամանակահատվածում գերեվարվել են ադրբեջանցի զինծառայողների, հնարավոր է ՝ հատուկ նշանակության ջոկատների կողմից և, հավանաբար սպանվել կարճ ժամանակ անց: