Հոկտեմբերի 18-ին Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն վերանում է, ինչը բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ հատկապես արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների համատեքստում:

Հայ-իրանական հարաբերությունների ներկայիս փուլի, Իրանի՝ Արցախում ընթացող ռազմական գործողությունների հնարավոր միջամտության և այլ հարցերի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցել է իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ։

Նա նշեց, որ Իրանը դեռ պաշտոնապես չի հրապարակել այն երկրների ցանկը, որոնց պատրաստվում է զենք վաճառել, և բարդ է հիմա որևէ ենթադրություններ անել․ «Զենքի առք ու վաճառքը միանգամից չի լինում՝ կնքվում են պայմանագրեր, մշակում են գործողությունների պլաններ, զենքերն են պատրաստվում։ Այնպես չէ, որ զենքերը բոլորը պատրաստված, այնտեղ դրված են, այսինքն՝ այստեղ խոսքը երկարատև գործընթացի մասին է»,-նշեց իրանագետը։

Բայցևայնպես, վերջինս հավանական համարեց Իրանի զենքի վաճառքը Հայաստանին, հիմք ընդունելով այն, որ օրեր առաջ  ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ, որում, ըստ իրանագետի, ամենայն հավանականությամբ, այդ հարցերը դրվել են քննարկման։

Գոհար Իսկանդարյանը այն կարծիքին է, որ Իսրայելում գործող ՀՀ դեսպանատունը չի կարող խաթարել հայ-իրանական հարաբերությունները, քանի որ նախքան Իսրայելում ՀՀ դեսպանատան գործելը, ՀՀ ԱԳՆ-ն Իրանի Իսլամական Հանրապետությանը տեղեկացրել էր այդ մտադրության մասին․ «Իրանի հետ ունեցած մեր դիվանագիտական և բարեկամական հարաբերությունները երբեք չեն կարող ստվերվել նոր ձևավորվող իսրայելական հարաբերությունների կոնտեքստում։ Իրանին բավականին բարձր մակարդակով ներկայացվել է, որ Իսրայելում ևս մենք ունենք խնդիրներ, այսինքն՝այնտեղ ունենք համայնք, ունենք անշարժ գույքեր, որոնք կարիք ունեն աջակցության և վերահսկողության»,-ասաց նա։

Իրանագետը մեզ հետ զրույցում նաև նշեց որ ՀՀ-ն Իսրայելի հետ ցանկանում է ունենալ դիվանագիտական հարաբերություններ հենց այն ԱԹՍ-ների պատճառով, որոնք այսօր օգտագործվում են մեր խաղաղ բնակչության դեմ․ «ՀՀ ԱԳՆ-ն ցանկություն է ունեցել ինտեգրվել այդ գործընթացներին, որպեսզի հետո կարողանա կանխել ԱԹՍ-ների հետագա վաճառքը, պայմանավորվածություն ձեռք բերել, որ այդ ԱԹՍ-ները որևէ կերպ չօգտագործվեն խաղաղ բնակչության դեմ։ Բայց այս պատերազմական գործընթացում, երբ տեսանք, որ Իսրայելը շարունակում է զենքերի վաճառքը Ադրբեջանին, որը օգտագործվում է խաղաղ բնակչության դեմ, ՀՀ-ն որպես բողոքի նշան, Իսրայելից հետ կանչեց իր դեսպանին։ Ժամանակի ընթացքում թե‘ Հայաստանի և թե‘ Իրանի կողմից ամրագրվել է, որ երբևէ որևէ երրորդ պետության պատճառով հայ-իրանական հարաբերությունները չեն խզվելու»,- պարզաբանեց նա։

Վերջինս հայտնեց, որ հենց ՀՀ-ի շահերից է բխում այն, որ Իրանը անմիջականորեն չի միջամտում պատերազմին, քանի որ, եթե ստացվեր այնպես, որ Իրանը միջամտեր, արդեն սա կլիներ տարածաշրջանային բախում, և ղարաբաղյան խնդիրը կանցներ երկրորդ պլան․ «Իրանը ինչ-որ կերպ արդեն իսկ ներգրավված է պատերազմին, նա իր սահմանի ողջ երկայնքով կանգնեցրել է իր զորքին։ Իրանը մի քանի անգամ հայտարարել է, որ իրենց օդային սահմանը հատելու դեպքում, իրենք համարժեք գործողությունների են դիմելու։ Մենք տեսանք, որ օրեր առաջ Իրանի օդային տարածք ներխուժել էին երկու ԱԹՍ, որը, ինպես հետագայում պարզվեց, Ադրբեջանինն էր, և ես առավել քան վստահ եմ, որ իրանական ՀՕՊ-ն է աշխատել, քանի որ մեր սահմանից դրանք բավական հեռու էին, և մենք չէինք կարող հարվածել այնպես, որ դրանք ընկնեին Իրանի տարածք»,-ասաց Գոհար Իսկանդարյանը։

Իրանագետը այն համոզմունքն ունի, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ճանաչի ԱՀ անկախությունը․«Ես բացառում եմ դա»։

Հիշեցնենք, որ Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև 2015 թվականի հուլիսին կնքված «միջուկային համաձայնագրի» համաձայն՝ 2020թ. հոկտեմբերի 18-ից վերացվում է Իրանի նկատմամբ սահմանված էմբարգոն:
 Զվարթ Պետրոսյան