Հայաստանի Հանրապետության նախագահի տիկինը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան (2019 թվականից) Նունե Սարգսյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան (2016 թվականից), պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, «Ռոմա» ՖԱ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի մյուս դեսպանները հատուկ կոչով դիմել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին` կոչ անելով Ադրբեջանի կողմից իրականացվող լայնամասշտաբ ռազմական հարձակման այս օրերին չլռել, կատարել համարձակ քայլեր՝ փրկելով մարդկանց կյանքեր, որոնք դառնում են անողոք արյունահեղության զոհեր:

Նշելով, որ Արցախն այսօր կանգնած է հումանիտար աղետի առջև՝ նրանք, որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ, կոչ են արել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարությանը, ՄԱԿ-ի հարակից կառույցներին և այլ բարի կամքի դեսպանների՝ հնչեցնել իրենց ձայնը, օգնության ձեռք մեկնել և գործել անհապաղ՝ կանխելու համար հետագա արյունահեղությունները:

«Թույլ չտա՛նք, որ մեր լռությունը խլացնի անզեն մանուկների և նրանց համար հոգ տանողների ճիչերը:

Ինքնե՛րս չձախողվենք՝ որպես կարեկցանքի, արդարության և խաղաղության համար հոգ տանողներ:

Հենց այս վճռորոշ պահին է անհրաժեշտ կատարել համարձակ քայլեր՝ մարդկային կյանքերի փրկության համար: Մենք ցանկանում ենք մնալ հպարտ անդամները այնպիսի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ընտանիքի, որը նկատում է ակնհայտը, դատապարտում է բարոյազուրկը և անտարբեր չէ անպաշտպան տուժածների հանդեպ»,- ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին ուղղված կոչում: