Ռազմական դրության պայմաններում Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ձեռնարկել է միջոցներ՝ քաղաքացիական և մարդասիրական թռիչքների համար երկրի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Կոմիտեն 3 NOTAM- հաղորդագրություն է հրապարակել՝ ուղղված բոլոր ավիաընկերություններին:

Հաղորդագրություններից առաջինը զգուշացնող բնույթի է, որով կոմիտեն օդաչուներին հորդորում է հայ-ադրբեջանական սահմանին ընթացիկ ռազմական գործողությունների պայմաններում թռիչքներից առաջ ռիսկերի լրացուցիչ գնահատում իրականացնել:

Երկրորդ NOTAM–ը տեղեկացնում է ՀՀ օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի հնարավոր առկայության մասին՝ միաժամանակ անձնակազմերին խնդրելով անհայտ որևէ թռչող սարք նկատելու դեպքում տեղեկությունն անմիջապես տրամադրել օդային երթևեկության կարգավարներին:

Երրորդով կոմիտեն տեղեկացնում է Հայաստանի և Ադրբեջանի օդային սահմանի որոշակի սահմանափակումների վերաբերյալ. որոշ կետեր փակվել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Կոմիտեն նաև ընդգծել է օդային երթևեկության կառավարման մարմինների և հակաօդային պաշտպանության ուժերի բարձր մակարդակի համագործակցության մասին:

EUROCONTROL-Աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպությունը և EASA- Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունն իրենց վստահությունն են հայտնել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ձեռնարկած քայլերի, պարտավորությունների կատարման և անվտանգության ապահովման քայլերի վերաբերյալ:

«Հաշվի առնելով տարածաշրջանում ռազմական գործողությունները, Քաղավիացիայի կոմիտեն ձեռնարկեց բոլոր միջոցները՝ Հայաստանի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Այսօր կարգավարների միջազգային օրն է և ես շնորհավորում եմ՝ հատուկ ընդգծելով օդային անվտանգության գործում նրանց բարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը. համավարակի ամենածանր օրերին կարգավարներն ինքնակամ, օրեր շարունակ ինքնամեկուսացվեցին աշխատավայրում, իսկ պատերազմի օրերին շարունակում են շուրջօրյա հերոսական աշխատանքը՝ Հայաստանի օդային տարածքն անվտանգ պահելու և թիկունքի համար անգնահատելի աշխատանք կատարելու համար»,- նշել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտե