Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր ընդլայնված աշխատանքային նիստ եմ հրավիրել: Ստեղծված պատերազմական իրավիճակը հուշում է, որ, հաշվի առնելով թշնամու նկրտումները, պետք է պատրաստվենք երկարաժամկետ գործողությունների:

Հանձնարարել եմ Երևանում ձևավորել օպերատիվ շտաբ, որը ՀՀ մարզերում կունենա աշխատանքային խմբեր և կզբաղվի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված ընտանիքների սոցիալական խնդիրներով: Հորդորում եմ երիտասարդներին ձևավորել կամավորական խմբեր՝ շտաբի աշխատանքներին աջակցելու համար: Անկախ հանգամանքներից, յուրաքանչյուր արցախցի պետք է իր նկատմամբ զգա կառավարության ամենօրյա ուշադրությունը:

Պաշտպանության բանակը՝ աշխարհազորի հետ միասին, շարունակում է դիմագրավել թշնամու հարձակողական գործողություններին՝ ամեն օր պատճառելով նրան կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: Թե՛ մեր բանակը, թե՛ ազգաբնակչությունը շատ լավ պատկերացնում են և՛ այս պատերազմի դժվարությունները, և՛ այն երկարաժամկետ կտրվածքում հաղթահարելու խնդիրները: Առիթից օգտվելով՝ մեկ անգամ ևս դիմում եմ Մայր Հայրենիքում գտնվող բոլոր զինապարտ արցախցիներին՝ օր առաջ Արցախ վերադառնալու և իրենց եղբայրներին թև ու թիկունք կանգնելու կոչով: Բոլորս մեր վարքի և դրսևորած պահվածքի համար պատասխան ենք տալու առաջին հերթին հանրության առջև:

 

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան