Սիսիանի շրջանի Շաքի համայնքը չորրորդ անմահացած զավակին հանձնեց մայր հողին. Սամսոն Ամարյան, Դավիթ Դանիելյան, Կարեն Իսրայելյան, Աշոտ  Մուրադյան:

Սամսոն Ամարյանը 32 տարեկան էր: Տասը տարեկան հասակում Գորիսից տեղափոխվել է Շաքի բնակավայր, հաճախել է Շաքիի միջնակարգ դպրոց, ավարտելուն պես՝ մեկնել ծառայության: Վերադարձել է բանակից և անմիջապես անցել ծառայության՝ արդեն որպես պայմանագրային զինծառայող: Սիսիանի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ Ռուբեն Մանուչարյանը ԼՈՒՐԵՐ.com-ին պատմեց, որ Սամսոնի հայրը մահացել է 4 տարի առաջ, նա ապրում էր մայրիկի հետ, զբաղվում գյուղատնտեսությամբ: 

«Կա խոսակցություն, որ, երբ մարդը մահանում է, սկսում են իր մասին դրական, լավ բառեր ասել, երբեք վատ չեն ասում, բայց ինչքան էլ զարմանալի է, հետաքրքրիր զուգադիպությամբ մեր չորս զոհված զինծառայողները բոլորն էլ բավականին համեստ, խելացի, խաղաղ բնավորության տեր անձինք էին, մեծերի նկատմամբ շատ հարգալից, խոսեցնում էինք, ամաչում էին խոսեին, դեմքները շառագունում էր»։

Մանուչարյանը հպարտությամբ ասում է՝ համայնքի լավագույն երիտասարդներից էին մեր հերոսները։ 

«Սամսոնը հանգիստ, խաղաղ, արդար, ազնիվ, բարի երիտասարդ էր։ Ազատ ժամանակը տրամադրում էր մայրիկին, մնում էր տանը։ Շատ պարտաճանաչ էր՝ գերմանական ճշտապահությամբ: Վայելում էր բոլորի սերն ու հարգանքը»,- նշեց Մանուչարյանն ու ցավով հիշեց, որ Սամսոնը որոշել էր մինչև դեկտեմբեր ամուսնանալ։

Կարենը 30 տարեկան էր, նա էլ դպրոցն ավարտելուն պես մեկնել էր ծառայության, կատարել պարտքը, վերադարձել ու դարձել պայմանագրային զինծառայող․ «Ընտանիքում չեն եղել պայմանագրային զինծառայողներ, պարզապես ինքը սիրել էր այդ աշխատանքը: Զինվորականի կյանքով ապրեց 4 տարի, որից հետո հրաժարվեց ծառայությունից ու մեկնեց Արցախ՝ շինարարություն կատարելու նպատակով: Եղբայրը Ռուսաստանի Դաշնությունում է և հաճախ է առաջարկել եղբորը մեկնել ՌԴ, սակայն Կարենը չի համաձայնել՝ ասելով, որ հայրենիքում է իրեն լավ զգում: Շատ նպատակասլաց էր, ինչ խնդիր դնում էր իր առջև՝ հասնում էր, չափազանց հայրենասեր էր, կամավոր մեկնեց առաջնագիծ ու զոհվեց հերոսաբար։ Մտադրություն ուներ ամուսնանալ, երեխաներ ունենալ»,- ընդգծեց համայնքապետարանի աշխատակիցը։

Դավիթը ժամկետային զինծառայող էր, 19 տարեկան, զորացրվելու էր 3 ամսից․ «Ծառայել է Իջևանի N զորամասում, երբ պատերազմը սկսվեց, նրան, որպես հրետանավորի, տեղափոխեցին ռազմաճակատ։ 10 երեխա են՝ 7 աղջիկ, 3 տղա: Եղբայրը նույնպես իր մարտական պարտականությունն է կատարում մեր տարածաշրջանի սահմաններում»,- ասաց Մանուչարյանը։

Աշոտը ևս ժամկետային զինծառայող էր, 19 տարեկան։ Դեկտեմբերին կլրանար ծառայության մեկ տարին․ «Բարձրահասակ էր, բայց մանկան դեմքով, խաղաղ բնավորության տեր էր։ Ունի 4 եղբայր, մեկ քույր: Միևնույն ժամանակ, երբ Աշոտը մարտնչում էր առաջնագծում, նրա եղբայրը, արցախյան ռազմաճակատի մեկ այլ ուղղությամբ մարտնչելիս, վիրավորվել էր ոտքից, բայց հիմա վիճակը լավ է: Աշոտը ծառայում էր Հոկտեմբերյանի N զորամասում՝ որպես տանկիստ, բայց պատերազմի ժամանակ տեղափոխեցին Արցախ, և ինչպես ականատեսներն են ասում՝ իր տանկով խոցել է հակառակորդի մի քանի տանկ, խրախուսվել է հրամկզամի կողմից, սեր ու հարգանք վայելել բոլորի կողմից»։

Աշոտի մայրը՝ Ալինա Ղուկասյանը, ևս զինվորական է, ով դեռևս արցախյան առաջին պատերազմի ժամանակ կամավոր զինվորագրվել էր հայրենիքի պաշտպանությանը: Եղել է հրաձիգ-դիպուկահար, անգամ` վիրավորվել է, բայց մնացել է շարքերում և շարունակել ծառայությունը: Մասնակցել է նաև ապրիլյան քառօրյա պատերազմին, մեկնել ռազմաճակատ, այս պատերազմին էլ չէր կարող անմասն մնալ: Մանուչարյանն ասաց, որ Ալինան վերադարձել է առաջնագծից, բայց պնդում է, որ անպայմանորեն հետ է գնալու։

Արփինե Հակոբյան