17 տարի շարունակ ծառայության մեջ լինելով՝ դասակի հրամանատար Արմեն Գրիգորյանը ընկնում է մարտի դաշտում՝ հանուն հայրենիքի պաշտպանության: Ռազմական դրությամբ պայմանավորված՝  32-ամյա Արմենն իր ծառայությունն անցկացնում է Մատաղիսի թեժ հատվածներում: 

«4 տարի սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որից հետո անցել է զինվորական ծառայության: Վերջին 2 տարում ծառայել է Կիրավոկանի չաստում: Անսահման համբերություն ուներ Արմենը ու ցանկացած պարագայում միշտ լավատեսությամբ էր լցված»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին է պատմում Արմենի հորեղբոր աղջիկը՝ Լուիզա Ապինյանը:

Քույրը նշում է, որ վերջին անգամ եղբոր հետ շատ երկար են խոսել, որի ընթացքում Արմենն անընդհատ ծիծաղում էր. «Ասում էի՝ Արմե՛ն, դու ո՞նց ես, պատասխանում էր՝ շատ լավ, դրանք չեն կարողանում ուղիղ խփեն գոնե, հա ծուռ են խփում։ Վերջում ավելացրեց, որ սիրում է մեզ ու 3 օր անհասանելի եղավ»,- վերհիշում է Լուիզա Ապինյանը:

Արմենի հետ դեպքը տեղի է ունենում հոկտեմբերի 14-ին. «Ընկերներից մեկին ասել է՝ գնամ ֆագոտի մոտ, դու նայիր, հենց տեսնես, որ տանկ է գալիս, կապ տուր՝ խփեմ։ Ընկերը նկատում է, որ արդեն երկար ժամանակ է, ինչ չի երևում Արմենը, գնում է ֆագոտի մոտ և տեսնում, որ Արմենը ուղղակի նստած է: Սկսում է ձայն տալ, և հասկանում է, որ Արմենը չի պատասխանում, մոտենում է և տեսնում, որ նա զոհվել է: Իր իսկ ձեռքերով ընկերը ցած է իջեցնում Արմենին»,- պատմում է Արմենի քույրը:

Զոհվելուց ժամեր առաջ՝  Արմենը հասցնում է վերջին նամակը գրել քրոջը: Արմենը մինչև վերջին պահն էլ ասել է, որ ոչ մի պարագայում չի իջնի և չի թողնի իր դիրքը: Նա ուներ վատ կանխազգացում, ինչն էլ պատճառ դարձավ, որ իր քրոջը հաղորդագրություն ուղարկի. «Ամեն ինչ լավ ա լինելու արևս, բայց եթե... : Կպատմեք մեր մասին, որ մինչև վերջ պահել ենք Մատաղիսի թևը, սիրում եմ ձեզ»:

Զվարթ Պետրոսյան