«Մենք տանը երեք քույր էինք։ Մի օր հայրս երազ է տեսնում, որ մեր ընտանիքում տղա երեխա պետք է լույս աշխարհ գա, ու անունն էլ Նոյ պետք է լինի։ Այդ երազից մեկ ամիս չանցած՝ իմացանք, որ մայրս բալիկի է սպասում։ 2001 թ-ի սեպտեմբերի 19-ին ծնվեց մեր Նոյը»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հակառակորդի դեմ ծավալած մարտերում հոկտեմբերի 9-ին զոհված Նոյ Թևոնյանի քույրը՝ Սաթենիկ Թևոնյանը։

Նոյը դեռ փոքրուց տարբերվում էր ոչ միայն իր անունով, այլ նաև իր մարդ տեսակով. «Շատ բարի էր, կամեցող ու համեստ։ Ամեն անգամ, երբ իրեն շոկոլադ էին տալիս(սնիկերս), փորձում էր իր սնիկերսը բաժանել 7 հավասար մասերի, որ մեր ընտանիքի բոլոր անդամներին հասներ։ Ինքը ծնվել էր որպես հայրենիքի պաշտպան։ Նույնիսկ փոքր տարիքից մայրիկին խնդրել էր իր համար ոստիկանի ծառայողական գրքույկ սարքել (փորձում էր նմանվել ոստիկան հորս)»,- ասաց հերոսի քույրը` հավելելով, որ Նոյը միշտ իր մոտ էր պահում այդ գրքույկը, շրջում էր դրանով ու ասում, որ ինքը «Մայոր» է ու բոլորին կպաշտպանի:

Նա շատ ընկերասեր էր, բոլորի հանդեպ առանձնահատուկ վերաբերունք ուներ, մտածում ու ցավում էր ամենքի համար. «Անգամ իր ծախսերը կրճատում էր, որպեսզի այդ գումարով օգներ կարիքի մեջ գտնվող մարդկանց։ Երբևէ անտարբեր չէր անցնում փողոցում որևէ բան վաճառող տատիկ, պապիկների կողքով։ Մի օր էլ մի պապիկից իր հեղինակած գիրքն էր գնել, ուղղակի, որպեսզի այդկերպ օգներ պապիկին: Նոյը ծնված օրից էր հերոս ու զոհվեց որպես հերոս» ,- ընդգծեց զինվորի քույրը։

Նոյը նորագույն տեխնոլոգիաների սիրահար էր, ռոբոտաշինության ոլորտում հասցրել էր հաջողություններ գրանցել. «Նոյից շատ բան կարելի էր սովորել. Նիցշեի սիրահար Նոյը ասում էր՝ ինչ ոլորտ էլ ընտրեմ, պիտի լավագույն մասնագետը լինեմ»,- ասաց Սաթենիկը՝ հավելելով, որ Նոյը ուներ սիրած աղջիկ, որին այդպես էլ չի հասցրել ծանոթացնել ընտանիքի անդամների հետ։

Դասընկերները Նոյին միշտ նմանեցնում էին Հայաստանի Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանին, ինքն էլ էր նմանեցնում. «Հունվարի 19-ին, երբ զինկոմիսարիատում նկատեց փակցված հերոսների նկարները, նայեց ու ասաց՝ ինչ նման ենք ես ու Ջիվան Աբրահամյանը. հիմա ոչ միայն արտաքնապես ես նման, եղբա՛յրս, այլև հերոսությամբ»,- հպարտությամբ նշեց հերոսի քույրը։

Հերոսը զորակոչվել էր բանակ 19.01.2020 թ-ին և ծառայում էր Մատաղիսում. «Զինընկերները Նոյին «Ռազվետկի Պոնչ» էին ասում։ Անգամ պատերազմական օրերին Նոյի հետ հաճախ ենք կապ ունեցել, իհարկե, ոչ երկար ժամանակով, ճիշտ է, 1-2 րոպե էինք զրուցում, բայց նա հասցնում էր մեր միջոցով ընկերների ծնողներին լուր փոխանցել, որ տղաները լավ են՝ հանգիստ լինեն բոլորը»,- ասաց Սաթենիկը։

Ընտանիքի անդամները Նոյի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 7-ին. «Վերջին անգամ, ցավոք, կարճ ենք խոսել, ապերիս տրամադրությունը լավ էր, ասում էր, որ ամեն ինչ նորմալ է, որ հանգիստ լինենք։ Ինչպես միշտ մտածելով, հոգ տանելով բոլորի մասին` խնդրեց, որ ընկերներից մեկի ծնողներին փոխանցեմ, որ իրենց տղան լավ է, չանհանգստանան»,- եզրափակեց հերոսի քույրը։

Զվարթ Պետրոսյան