Հայաստանում որևէ մեկը չի համարձակվում անգամ ենթադրել, նույնիսկ փորձագիտական մակարդակում, թե որքան գումար կորցրեցին պաշտոնյաները, համատեղության կարգով' գործարարները, Կիպրոսի բանկային ճգնաժամի հետևանքով:
Ռուսաստանի դեպքում նշվում են տարբեր թվեր' 40-ից մինչև 100 միլիարդ: Ղազախ խորհրդարանականները երեկ կոչ են արել իրենց երկրի իշխանություններին' միջոցներ ձեռնարկել իրենց համերկրացիների 1 միլիարդ եվրոյի կորուստը կանխելու ուղղությամբ: Ճիշտ է, ի տարբերություն ռուսների՝ հայ գործարար, համատեղության կարգով պաշտոնյաների գողանալու հնարավորությունները բավական սահմանափակ են, բայց որ նրանք ինչ-որ բան կարողանում են աշխատել, և դա գերադասում են պահել երկրից դուրս, կարելի է չկասկածել: Այն մասին, որ հայկական ծագման գումարներ կարող էին լինել Կիպրոսի բանկերում, հուշում է նաև այն փաստը, որ Հայաստանում գործող հանքահումքային արդյունաբերության ձեռնարկությունների մի մասը գրանցված էր հենց Կիպրոսի օֆշորային գոտում, այդ ընկերությունների բանկային հաշիվները Կիպրոսի բանկերում են: Այնպես որ, Կիպրոսի բանկային համակարգի ակտիվների ազգայնացումը չէր կարող չառաջացնել կորուստներ հայերի և հայկական ընկերությունների շրջանում:
Մի մասն ասում է, որ Կիպրոսում պահվող հայկական կապիտալը 4 միլիարդի մոտ է, մյուսները դրանից ավելի համեստ թվեր են նշում: Եթե նկատի ունենանք, որ Կիպրոսում խոսքը գնում է բանկային հաշիվների և ավանդների մինչև 80 տոկոս առգրավման մասին, ապա կարելի է ասել, որ կորուստները կարող են հասնել միլիարդավոր դոլարների, որը համարժեք է Հայաստանի բյուջեին: Հայ պաշտոնյաներն այն հարցին ի պատասխան, թե որքա՞ն գումար կարող էր կորցնել հայկական բիզնես էլիտան, անորոշ ժպտում են, ուսերը վեր քաշում և հրաժարվում որևէ բանական պատասխան տալուց: «Ընդհանրապես ոչ մեկը չի հայտարարի, թե' ես այսքան գումար ունեմ, պահում եմ այսինչ երկրի այսինչ բանկում: Պատճառն էլ շատ պարզ է, պետք է հարցնեն, թե որտեղի՞ց այդ գումարը, որովհետև ոչ ոք իր արդար աշխատանքը Կիպրոսի բանկում չի պահի»,- ասում է հայ պաշտոնյաներից մեկը, ով չի ցանկանում նշել իր անունը:
Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը այդ և ապագա հնարավոր կորուստները կանխելու համար: Որովհետև մի տեսակ անարդար է ստացվում. վաճառում են Հայաստանի ընդերքը, կամ գրպանվում են պետական բյուջեի միջոցները, իսկ գումարը պահում են Կիպրոսի բանկերում, հետո այդ բանկային հաշիվներն առգրավվում են:
Քանի որ Հայաստանում ձև են անում, որ Հայաստանում որևէ մեկը Կիպրոսում բանկային ավանդ կամ հաշիվ չուներ, նույնկերպ անտրամաբանական կլինի, եթե կորուստներից ապահովագրվելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն: Իսկ վտանգը, որ հայ փողատերերը կարող են արտասահմանյան և հատկապես օֆշորային այլ երկրներում պահվող իրենց գումարները կորցնել՝ գնալով մեծանում է: Պարզաբանենք, թե ինչո՞ւ:
Մարտի սկզբին ռուսական իշխանություններն օրենսդրական մակարդակով արգելել են իրենց երկրի պաշտոնյաներին' բանկային հաշիվներ և նույնիսկ բաժնետոմսեր ունենալ արտասահմանյան բանկերում և ընկերություններում: Իսկ նրանց համար, ովքեր նման հաշիվներ կամ բաժնետոմսեր ունեն, տրվել է երեքամսյա ժամանակ դրանցից ազատվելու համար: Մինչև հուլիսի 1-ը Ռուսաստանի նախարարները, պատգամավորները, դատախազները, նահանգապետերը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները ստիպված են լինելու իրենց բանկային հաշիվները տեղափոխել Ռուսաստան: Իսկ ռուսաստանցի պաշտոնյաների ունեցվածքը գնահատվում է տասնյակ և հարյուրավոր միլիարդ դոլարներով: Եթե նրանք միաժամանակ փակեն իրենց հաշիվները, ազատվեն իրենց ունեցած բաժնետոմսերից, ապա դա կարող է նոր համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառ դառնալ: Հնարավոր է, որ նոր օֆշորային երկրների բանկեր չկարողանալով կատարել իրենց պարտավորությունները' հայտարարեն սնանկացման կամ ավանդատուների գումարների առգրավման անհրաժեշտության մասին: Եվ արդյունքում' կարող են կորել նաև հայկական փողեր:
Խնդիրն այն չէ, որ մենք հայ գործարար, համատեղության կարգով' պաշտոնյաների փոխարեն' մտահոգվում ենք նրանց ունեցվածքի անձեռնմխելիության մասին: Հարցն այն է, որ այդ գումարներն աշխատվել են Հայաստանի հաշվին: Ռուսաստանում կամ նույն Ղազախստանում չեն հայտարարում, թե պաշտոնյաները պետք է զրկվեն երկրի ընդերքը թալանելուց, կամ պետական գումարները սեփականացնելուց: Նման անիրատեսական պահանջներ դնելով՝ ոչնչի չես հասնի: Նրանք պահանջում են, որ իրենց երկրի քաղաքացիների, իրենց երկրի ընդերքի հաշվին աշխատած գումարները պահվեն սեփական երկրում, ինչը նշանակում է, որ այդ գումարները կաշխատեն երկրի համար:
Գուցե կարելի է, որ Հայաստանում ևս նման օրենք ընդունվի, որը հայ գործարար պաշտոնյաներին կպարտադրի իրենց «աշխատածը» պահել սեփական երկրի բանկերում, կամ ներդնել սեփական երկրի տնտեսության մեջ: Թե՞ ավելի լավ է կորցնել Կիպրոսում, քան ներդնել Հայաստանում: