Պատերազմի առաջին իսկ օրվանից Եվրոպայից մինչև Ավստրալիա, ՌԴ-ից ԱՄՆ խորհրդարաններն ու խորհրդարանականները, քաղաքական գործիչները իրենց համերաշխությունը հայտնեցին Արցախի և Հայաստանի ժողովուրդներին: Այդ աջակցությունը բավական խոսուն է և արտահայտվել է կոնկրետ գործնական քայլերով՝ բանաձևերի ընդունումից մինչև Արցախ կազմակերպված այցեր:

Բունդեսթագի գերմանացի պատգամավորները Ստեփանակերտից Գերմանիայի իշխանություններին կոչ են անում խիստ պատժամիջոցներ կիրառել Անկարայի ու Բաքվի ղեկավարների նկատմամբ՝ նրանց ստիպելով դադարեցնել պատերազմը: Գերմանիացի պատգամավորներն այցելել են Արցախ՝ սեփական աչքերով տեսնելու և համոզվելու, թե ինչ է կատարվում այստեղ: Տեսնելուց հետո արդեն աշխարհին ասելու և ապացուցելու շատ բան ունեն, իրենց ձեռքով գտած փամփուշտ է. ով ցանկանա՝ կարող է տեսնել ու համոզվել, թե որ երկրի արտադրանք է: Պարզելն էլ դժվար չէ, թե ում է փոխանցվել կամ վաճառվել: Անդրեաս Գալաո (Լանդթագի պատգամավոր և խորհրդարանի փոխնախագահ) - «Գերմանիան զենքով չի կարող օգնել, բայց կարող է Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ սահմանել, օրինակ՝ զենքի մուտքի արգելք, որոշ մարդկանց մուտքի արգելք Գերմանիա, մեր բանկերում իրենց ունեցվածքի սառեցում է հնարավոր անել: Եթե Գերմանիան կիրառի այն պատժամիջոցները, որոնց մասին մենք ենք մտածում, դա ավելի մեծ օգուտ կլինի այս հակամարտության լուծմանը, քան զենքով կարող էր լինել»:

Բելգիայի պատվիրակությանն Արցախում ուղեկցել են ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը եւ Բելգիայի Հայ դատի հանձնախմբի նախկին ատենապետ Պետրոս Պետրոսյանը: Ժորժ Դալեմանն առաջին եվրոպացի պատգամավորներից էր, որ այցելեց Արցախ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմից հետո:

Այցի ընթացքում բելգիացի պատգամավորը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում Ժորժ Դալեմանը նշել է. «Ես ինձ հետ Արցախ եմ բերել Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի անդամների, ինչպես նաեւ բելգիացի բազմաթիվ գործընկերների աջակցությունն Արցախի ժողովրդին: Արցախը հերոսաբար պաշտպանվում է ադրբեջանական բանակից, որին աջակցում են վարձկաններ, ջիհադիստներ եւ Թուրքիայի Էրդողանի ռեժիմը: Վերջինները մեր երկու ժողովրդավար երկրների համար ընդհանուր թշնամիներ են: Եվրոպան պետք է ամեն ինչ անի հայերի դեմ ջարդերն ու ռազմական հանցագործությունները դադարեցնելու համար»: Երեւանում պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան եւ Թուրքիայի ու միջազգային ահաբեկիչների ներգրավածությունը պատերազմում։

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը ՌԴ ԱԳՆ-ին բողոքի նոտա է հղել Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի արցախյան այցի առնչությամբ։ Ավելի վաղ Ադրբեջանը Միլոնովին ներառել էր իր «սև ցուցակում» Բաքվի հետ արցախյան այցը չհամաձայնեցնելու պատճառով։ Լեռնային Ղարաբաղ այցից հետո Միլոնովը պատմել է իր ոչ հաճելի տպավորությունների մասին՝ ընդգծելով, որ Անդրկովկասում շարունակվող հակամարտությունը փաստացի համարվում է հետխորհրդային տարածքի վրա ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի զինված հարձակման առաջին օրինակը: Միլոնովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ականատես է եղել թուրքական անօդաչուներին, «Իսլամական պետության» վարձկաններին, ադրբեջանցի զինվորներին, Ստեփանակերտի կենտրոնի ռմբակոծություններին, քանդված տներին, հուղարկավորություններին:

Հոկտեմբերի 24- 27-ը Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության անդամներն էին ժամանել Հայաստան և Արցախ: Ֆրանսիական մի շարք քաղաքներում այսօր լայն թափ է առել Արցախի անկախության ճանաչման գործընթացը:

Իսկ ովքե՞ր են այս օրերին կանգնած Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների կողքին: Ցանկը բավական համեստ է, քանի որ եվրոպացի քաղաքական գործիչները դժվար թե ռիսկի տակ դնեն իրենց քաղաքական վարկը և ապագան՝ բացահայտ աջակցելով միջազգային ահաբեկչությանը: Միայն մի քան խավիարային դիվանագիտության օրերից սկանդալներում թաթախված ԵԽԽՎ պատգամավոր և թուրքական լոբբիի կողմից գնված սենատորներն ու կոնգրեսականները, որոնց թիվը չի անցնում անգամ մեկ տասնյակը՝ ահաբեկիչների համար ակնհայտորեն եղանակ չեն ստեղծում և արդեն իսկ պարզ է, որ միջազգային առաջադեմ հանրությունը աջակցում է Հայաստանի և Արցախի արդար պայքարին և արդար պահանջներին…