ՀՀ Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է մի նախագիծ, որով առաջարկվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրամաշնորհային վճարները ամսական 1000 դրամից դարձնել 3000 դրամ։ Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից։ Նկատենք, որ E-draft.am կայքում քննարկման դրված նախագծին կողմ է քվեարկել 40%-ը, դեմ՝ 60%-ը։ 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ բնականաբար պատերազմական իրավիճակում ազգային տուրքի որոշակի տեսակ պետք է սահմանվի․ «Յուրաքանչյուր հայ, անկախ նրանից՝ ապրում է Հայաստանում, թե ոչ, իր մասնակցությունը պետք է ունենա։ Դա միանշանակ է և չի քննարկվում։ Սակայն գումարի չափը պետք է տարբերակված լինի․ քիչ աշխատավարձ ստացողից՝ քիչ, շատ ստացողից՝ շատ»,- ասաց նա։ 

Զոհրաբյանը նշեց, որ իրենց խմբակցությունը այսօր շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որն ապահովում է սոցիալական արդարությունը․ «Մենք առաջարկում ենք պրոգրեսիվ աճով սահմանել պայմանականորեն ասած՝ ազգային տուրքը։ Այսինքն, շատ բարձր աշխատավարձ ստացող Նաիրա Զոհրաբյանը և, ընդամենը, 68 000 դրամ  նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին չպետք է վճարեն նույն 3000 դրամը։ Հետևաբար, առաջարկում ենք նախագծով նվազագույնից մինչև 105 000 դրամ աշխատավարձ ստացողի դեպքում սահմանել 1000 դրամ վճար, 150 000-300 000 դրամի դեպքում՝ 2000 դրամ, 300 000-1 մլն դրամի դեպքում, ըստ աճող թվի, ավելացնել գումարի չափը։ Գտնում ենք, որ ստեղծված իրավիճակում յուրաքանչյուրը պետք է մասնակցություն ունենա համազգային տուրքին»,- նշեց նա՝ հույս հայտնելով, որ իրենց նախագիծը հավանության կարժանանա։

Անդրադառնալով E-draft.am կայքում քննարկման դրված նախագծին կողմ և դեմ ձայների հարաբերակցությանը՝ պատգամավորը հանրության արձագանքը բնական համարեց․ «Բոլորս մեր հնարավորության սահմաններում օգնում ենք առաջնագծին։ Շատերն այդ մասին չեն խոսում, լուռ իրենց գործ են անում։ Նվազագույն աշխատավարձ ստացողին չենք կարող ասել և՛ սնունդով, հագուստով օգնիր, և՛ աշխատավարձիցդ 3000 դրամ պահելու ենք»,- ասաց Զոհրաբյանը։ 

Ինչ վերաբերում է մի քանի աշխատանք ունեցող անձից կրկնակի գանձում չանելու հարցին, այն հեշտ լուծելի է․ «Ես կարծում եմ՝ դրանք տեխնիկական խնդիրներ են, որը հնարավոր է շտկել։ Այսինքն, ֆիքսվում է մեկ աշխատատեղը, և գանձումները կատարվում են միայն այդտեղից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։ 

Նշենք, որ  նախագծի մշակումը պայմանավորված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի վրա կատարված հարձակման հանգամանքով, որի հետևանքով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը աճել է։

Սոնա Հարությունյան