Մարտունիում առավոտյան հակառակորդին հաջողվել էր մի դիրք վերցնել, սպասում էինք երկրորդ հարձակմանը, բայց չեղավ: Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ օրվա ընթացքում, կորցնելով զինտեխնիկա, հայկական ուժերի կողմից հետ շպրտվեցին: 

«Մատաղիսի ուղղությամբ հարձակումներ եղել են: Հադրութից արևմուտք ծանր մարտեր են ընթացել օրվա ընթացքում, կուտակումներ կան, հիմա էլ կա, մեկ-երկու գրոհ մեզ հաջողվել է հետ շպրտել, սակայն ոչ մի դիրք չեն կարողացել վերցնել, մարտերը այդ ուղղությամբ հիմա էլ շարունակվում են: Համառ մարտեր են եղել նաև Ճարտարում, Մարտունիից հարավ-արևմուտք, բայց էլի հաջողության չեն հասել»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նաև անդրադարձավ Ստեփանակերտում տիրող իրավիճակին:

«Երեկ երեկոյան Ստեփանակերտի մասին գրառումներն ինձ էլ տխրեցրեցին, բայց այսօր ամբողջ օրը նորմալ է եղել: Քաղաքացիականները շարունակում են գործել, ռազմականն ընդհանրապես իդեալական գործում է»,- ասաց նա:

Հովհաննիսյանը նաև հայտնեց՝ երեկ ու այսօր Ստեփանակերտը հրետակոծվել է, «Սմերչ», «Գրադ» և այլ միջոցներ են կիրառվել քաղաքի ուղղությամբ:

Դիտարկմանը, թե հակառակորդն անընդհատ նոր ուժեր է կենտրոնացնում, Հովհաննիսյանը նշեց.

«Ի վերջո, իրենք մտել են մեր տունը, մենք կռվում ենք մեր տան մեջ, և մենք մեր տունը լավ գիտենք: Պատերազմի սկսվելուց 15 օր հետո մեր կորուստները սկսել են նվազել. այնպիսին չեն, որ լինի ներուժը սպառող պատերազմ»:

Հովհաննիսյանը նշեց նաև կորուստները նվազեցնող այլ գործոններ՝ տեղանքն է փոխվել, կարողանում ենք չեզոքացնել ավելի արդիական տեխնոլոգիաներ, բացի այդ, ձմեռը ավելի բարդ շրջան է կռվի համար, իսկ հակառակորդը դրա տխուր փորձը ունի: