ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «BBC» գործակալությանը տված հարցազրույցում արված հայտարարությունները.

«Սույն հարցազրույցում Իլհամ Ալիևը հաստատում է, որ չունի որևէ արդարացում Ստեփանակերտի և Արցախի այլ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ, որն անհերքելի փաստերով արձանագրվել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային ԶԼՄ-ների և մարդու իրավունքների պաշտպանությամբ մասնագիտացված կազմակերպությունների կողմից։

Հասկանալով, որ վաղ թե ուշ կրելու է իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների պատասխանատվությունը, Իլհամ Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունը՝ այն անվանելով «կեղծ լուրեր»:

Իլհամ Ալիևի մարդատյաց այս հայտարարությունը, որն արվում է իր հրամանով գործող զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման ֆոնին, ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախի ժողովուրդը որևէ հանգամանքում չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո»,-նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը ծաղրի է ենթարկվել BBC-ի եթերում՝ չխորշելով կեղծիք տարածել միջազգային լրատվամիջոցների եթերում:

Նա սկսել է ապատեղեկատվություն որակել ոչ միայն հայկական կողմի փաստերը, այլև հեղինակավոր BBC-ի՝ Ստեփանակերտում աշխատող թղթակցի և Human Rights Watch կազմակերպության մանրամասն փաստագրված վկայություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը կասետային և այլ տեսակի զինատեսակներով թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ալիևը BBC-ի թղթակցի խոսքերն ապատեղեկատվություն է որակել հենց նույն լրատվամիջոցի հետ հարցազրույցում:

Լրագրողի այն դիտարկմանը, որ Ստեփանակերտում աշխատող BBC-ի թղթակիցն արձանագրել է, որ տեղի խաղաղ բնակչությունը թիրախավորվել է, թիրախավորվել են քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, Ալիևը նշել է, որ կասկածում է այդ վկայությանը:

«Ես կասկածում եմ այդ վկայությանը: Դա կարող է լինել կեղծ տեղեկատվություն»,- նշել է Ալիևը:

Հաջորդ դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը Արցախի բնակչության նկատմամբ կիրառել է կասետային զինատեսակներ, ինչի վերաբերյալ կան վկայություններ, լուսանկարներ, տեսանյութեր, ինչպես նաև այդ բոլորը մանրամասն փաստագրված է Human Rights Watch-ի կողմից, Ադրբեջանի նախագահը դարձյալ նշել է, որ այդ բոլորը կեղծ է.

– Մենք չենք օգտագործել դրանք, դա մեկ այլ կեղծ տեղեկատվություն է:

– Ամեն ինչ կեղծ տեղեկատվությո՞ւն է:

– Այո, ինչո՞ւ` ոչ…

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադառնալով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորմանը, նշել է, որ դա կարող է լինել իրենց հրետանու սխալը, իսկ լրագրողի դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է սխալվել մեկ օրվա մեջ երկու անգամ, Ալիևը նշել է, որ այո: