Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն նոյեմբերի 11-ին կատարած այցերի արդյունքները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից

«Այսօր վաղ առավոտից ինչպես Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ, այնպես էլ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն, այդ թվում՝ Երևանի Ազատության հրապարակից մարդկանց բերման ենթարկելու առնչությամբ: Այս հարցերով Պաշտպանի աշխատանքները շարունակվում են:

Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են իրավապահ մարմինների կողմից ռազմական դրությանը վերաբերող օրենքների և Կառավարության որոշման պահանջների կիրառության, դրանց նկատմամբ միատեսակ մոտեցման հարցերը: Դրանից բացի, անհրաժեշտ է խստորեն պահպանել բերման ենթարկելու ընթացակարգն ու անձի իրավունքների ապահովման սահմանադրական պահանջները:

Ի գիտություն են ընդունվել իրավապահ մարմինների պարզաբանումներն առ այն, որ նախաձեռնված են քրեական վարույթներ Քրեական օրենսգրքի 225.1-րդ և 307.1-րդ հոդվածներով, որոնք համապատասխանաբար վերաբերում են օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելուն և անցացնելուն, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելուն:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ նշված քրեական վարույթները, ինչպես նաև այդ վարույթներով կոնկրետ անձանց իրավունքների պաշտպանության հարցերն իր անմիջական ուշադրության ներքո են:

Երեկ ու այսօր տեղի են ունեցել նաև Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդակցությունները Պաշտպանության նախարարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և իրավապահ մարմինների ղեկավարների հետ:

Ակնհայտ է, որ ճակատագրական օրերին մեր երկրին անհրաժեշտ է համերաշխություն ու համախմբվածություն:

Մեր յուրաքանչյուր քայլ այս օրերին առավել, քան երբևէ պետք է ուղղված լինի երկրում կայունության ապահովմանն ու պետականության ամրապնդմանը, պետք է բխի մեր հերոս զինվորների կյանքի ու առողջության պաշտպանության նպատակից:

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է իր լիազորությունների գործադրումը կարգավիճակի առավելագույն հնարավորություններով ՝ բոլոր հարցերին հավասար մոտեցմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: