ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը գտնվում է ԱԱԾ-ում։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Գարիկ Սահակյանը՝ նշելով, որ այլ մանրամասների չի տիրապետում և այս պահին գնում է ԱԱԾ։

Ինչ վերաբերում է Մանուկյանի կարգավիճակին` փաստաբանը պարզաբանեց, որ Մանուկյանը բերման է ենթարկվել։ Այլ մանրամասներ փաստաբանին հայտնի չեն, միայն նշեց, որ ցանկանում են քրեական գործ հարուցել։ ԱԱԾ-ից Փաստինֆոյին հայտնել են, որ այս պահին տրամադրման ենթակա տեղեկություն չկա։

Փաստինֆոյի հաղորդմամբ` Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի հայտարարությունից հետո, որով թշնամուն են հանձնվում Արցախի մի շարք հողեր, Երեւանում սկսվել են ռեպրեսիաներ: Ամբողջ օրվա ընթացքում տարբեր քաղաքական եւ հասարակական գործիչներ ու քաղաքացիներ են բերման ենթարկվել, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնում Փաշինյանի վարած քաղաքականությանը` այն գնահատելով դավաճանական ու պահանջում Փաշինյանի հրաժարականը: