ՀՀԿ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանի պաշտպան Վահագն Գասպարյանը:

«Եթե հավաքներին մասնակցելը կամ կազմակերպելը իշխանության յուրացում է, իշխանության ներկայացուցչին սպանել նախապատրաստել է՝ ես բան չունեմ ասելու, իրավաբանության մեջ նման հիմնավորում գոյություն չունի: Նախապատրաստումը իրենից ենթադրում է կոնկրետ անձի գործողություններ, մեզ համար պարզ չի՝ Բաղդասարյանն ինչ է կատարել: Եթե ուշադիր լինեք ձայնագրությանը, հատուկ կպցրած են իրար, որ փորձեն անմիջական կապ հաստատել», - ասաց նա:

Փաստաբանն ասաց, որ Բաղդասարյանին ձերբակալել են զենք-զինամթերք ձեռք բերելու ու պահելու համար. «Բաղդասարյանի տանը խուզարկություն են կատարել, նրա տանը 2011թ. ծննդյանը նվեր ստացած օրինական զենքն է, եւ ձերբակալվել է դրա համար: Ներկա պահին այդ մասը մեղադրանքից հանվել է»։

Վահագն Գասպարյանի խոսքով՝ Բաղդասարյանին բերման ենթարկելն ու ձերբակալելը, մեղմ ասած, ոչ իրավաչափ է:

Փաստաբանը հայտնեց, քանի որ կալանավորման միջնորդություն են ներկայացրել, նիստը հետաձգվել է եւ նշանակվել ժամը 18։30-ին։