Նոյեմբերի 10-ի երեկոյան, Քվեմո Քարթլիի մեծամասամբ ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլիի մուտքի մոտ՝ նորաբաց այգում, ադրբեջանցիները մեծ շուքով նշում էին Շուշիի «ազատագրումն» ու Ղարաբաղի «վերադարձը»:

«Ախալքալաքից էինք վերադառնում. արդեն մութն ընկնում էր, երբ հասանք Մառնեուլիի մոտ: Այդտեղ բազմաթիվ մարդիկ կային, հրավառություն էր, ինչ-որ բան էին նշում», — պատմում է Մառնեուլիի շրջանի Աղքյորփի գյուղի բնակիչ Արթուր Սարգսյանը՝ նշելով, որ Ախալքալաք են գնացել նոյեմբերի 9-ին, այդ ժամանակ շրջանում դեռ խաղաղ էր:

Ինչպես «Ալիք մեդիային» պատմում է Արթուր Սարգսյանը՝ հավաքվածները ոչ միայն այգու մեջ էին, այլ նաև ճանապարհի մի մասն էին փակել և տարածքում հսկում էր ոստիկանությունը:

«Ոստիկանները հերթով թողնում էին մեքենաները, երբ հերթը հասավ ինձ (իմ մեքենան հայկական պետհամարանիշներ ունի) ճանապարհի մոտ հավաքված ադրբեջանցիների մի խումբ՝ դրոշներով և Հայաստանի հետ կապված ինչ-որ բաներ գոռալով եկան դեպի մեզ: Ինձ մոտ կանգնած ոստիկանը հրահանգեց փակեմ մեքենայիս պատուհանները և առանց արձագանքելու առաջ շարժվեմ», — պատմում է Արթուրը:

Արթուրի հետ է եղել նաև Չանախչի գյուղի բնակիչ Սամվել Ավետիսյանը, որը, «Ալիքի» հետ զրույցում պատմում է․

«400-500 մարդ կար հավաքված, երբ տեսան մեր մեքենան, մի խումբ գալիս էր դեպի մեզ։ Մենք անցանք, թեև մտածում էինք, որ ճանապարհին էլի նման դեպք կարող է լինել։ Մառնեուլիից ավելի քան 10 կմ անցնելով՝ հասանք Շուլավերիի ոստիկանական բաժանմունքի մոտ։ Ներս մտանք, պատմեցինք իրավիճակը, ինչին ի պատասխան մեզ ասացին, որ գնանք, Սադախլոյի բաժանմունքից մեզ կդիմավորեն», — պատմում է Սամվելը, հավելում՝ Սադախլոյի մոտ իրենց դիմավորել են ոստիկանները, ճանապարհել դեպի հայաբնակ գյուղեր։

Արթուր Սարգսյանն ասում է՝ տարիներ շարունակ համատեղ և խաղաղ ապրում են շրջանում և անընդունելի է որևէ սադրանք: «Հասկանալով իրավիճակը մենք լռում ենք, մենք այստեղ փոքրամասնություն ենք, մեր բոլոր գործերը կապված են շրջկենտրոնի հետ, որտեղ հասնելու համար մենք անցնում ենք ադրբեջանաբնակ գյուղերով», — հավելում է Արթուր Սարգսյանը:

Հավելենք՝ սա միակ միջադեպը չէ, որ գրանցվել է Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում: Նշված շրջաններում բնակվում են և՛ հայեր, և՛ ադրբեջանցիներ:

aliq.ge