Երեւանի ավագանու ընտրությունների նախօրեին ԲՀԿ ակտիվացումը կապված է այն համոզվածության հետ, որ այս ընտրություններում ՀՀԿ-ն չի հավաքի ձայների 41 %-ը: 41 % ստացած կուսակցությունը կարող է քաղաքապետ նշանակել իր ցուցակից: Այն դեպքում, եթե կուսակցություններից ոչ մեկը չհավաքի 41 %, քաղաքապետին ընտրում է Ավագանու խորհուրդը:
Հենց այդ դեպքի համար են ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, նաեւ Ժառանգությունը խոսում հետընտրական դաշինքի հնարավորության մասին: Եթե այս երեք կուսակցությունները համատեղ մեծամասնություն վերցնեն ավագանում, ապա կարող են քաղաքապետ նշանակել:
Ընտրություններից հետո կարող է ծագել ընդդիմության միասնական թեկնածուի հարցը, եւ ԲՀԿ-ն անկասկած այդ պաշտոնում առաջադրելու է կամ իր առաջին համար Վարդան Օսկանյանին, կամ էլ երկրորդին՝ Գուրգեն Արսենյանին:
Ընտրություններից հետո, որպեսզի Ժառանգությունն աջակցի ԲՀԿ թեկնածուին, բավական է, որ Գագիկ Ծառուկյանը «խնդրի» իր կուսակցության մի քանի անդամների ապրիլի 5-ին կամ 9-ին գնալ Ազատության հրապարակ ու աջակցել Րաֆֆի Հովհաննիսյանին: Առավել եւս, որ Րաֆֆին քաղաքապետի պաշտոնի համար պայքարն առաջնահերթ չի համարում, իսկ ընտրողների հետ վերջին հանդիպումների ժամանակ էլ կոչ է արել ԲՀԿ-ին միանալ իր պայքարին:
ՀՅԴ-ն չի թաքցնում, որ կաջակցի ԲՀԿ-ին, այնպես որ, Երեւանի քաղաքապետի պաշտոնում ԲՀԿ անդամի հայտնվելը լիովին հավանական է: Հենց դրանով է պայմանավորված տեղեկատվական ճնշումը ԲՀԿ վրա՝ սկած Օսկանյանի գործից (որը դեսպանների ասուլիսից հետո հանդարտվել է), վերջացրած սոցցանցերում ՀՀԿ-ԲՀԿ «պատերազմով»:
Հայտնի չէ, թե ինչով դա կավարտվի, սակայն եթե ԲՀԿ-ն ստանա Երեւանի քաղաքապետի պաշտոնը, ապա կստացվի, որ նրա «տրամադրության» տակ կհայտնվեն երկրի երկու գլխավոր քաղաքները: Ինչպես հայտնի է, անցյալ տարի Գյումրիի քաղաքապետ է դարձել ԲՀԿ պատգամավոր Սամվել Բալասանյանը: