Թուրքիայի արևելքում գտնվող Վանա լճի մակարդակի նվազման արդյունքում հայտնաբերվել են պատմական հուշարձաններ, որոնք անցել էին ջրի տակ լճի մակարդակի բարձրացման պատճառով:

Ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, լճի որոշ շրջաններում հայտնաբերվել են պատմական կառույցներ, դամբարաններ, որոնք հազարավոր տարիների պատմություն ունեն: 

Հայտնաբերվել է Ականց (թուրքերեն՝ Էրչել) ամրոցը, որը կառուցվել է դեռևս Արարատյան թագավորության շրջանում և ջրի տակ է անցել 1841 թվականին, երբ Վանա լճի մակարդակը հերթական անգամ բարձրացել է:

2014-ին լճի մակարդակի իջեցման շնորհիվ կարելի էր տեսնել ամրոցի որոշ հատվածներ, իսկ այժմ հնարավոր է տեսնել սյուների և պատերի ավերակներ, դամբարաններ, կերամիկական և խեցեգործական կտորներ, տարբեր նմուշներով քարեր և որոշ մնացորդներ: 

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ուսումնասիրություններով զբաղվում են Վանի թանգարանի տնօրինության կողմից ձևավորված թիմերը: