Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման նպատակով. այս մասին ՀՀ վարչապետի որոշումը հրապարակված է գործադիրի պաշտոնական կայքում: «2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայի և սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման, քաղաքացիական ենթակառուցվածքների, Արցախի բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։
     Սահմանել, որ աշխատանքային խմբի գործունեության ոլորտները հետևյալն են`

1) սոցիալական ոլորտ.

2) կրթության ոլորտ.

3) առողջապահության ոլորտ.
     4) ձեռնարկատիրական ոլորտ.

5) ենթակառուցվածքների ոլորտ»,- ասված է որոշման մեջ:

Աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է: Աշխատանքային խմբի կազմում են, ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախի Հանրապետությունից մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: