Կասպյան գազը Եվրամիություն տեղափոխելու համար կառուցված Անդրադրիատիկ գազատարը (TAP) հանձնվել է շահագործման: Այդ մասին տեղեկացնում է գազատարի պաշտոնական կայքը:

Ակնկալվում է, որ Ադրբեջանից խողովակաշարով 10 միլիարդ խորանարդ մետր գազ կտեղափոխվի Եվրամիության երկրներ: Գազատարի թողունակությունը տարեկան 20 միլիարդ խորանարդ մետր է:

Գազատարը Եվրոպական հարավային գազային միջանցքի մի մասն է, որը ներառում է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Շահ Դենիզ 2» նավթահանքը, «Հարավկովկասյան» գազատարը և Անդրանատոլիական գազատարը, որոնք անցնում են վրացական սահմանով Թուրքիայից դեպի Հունաստան. գազատարը հատում է Հունաստանի և Ալբանիայի տարածքները և հասնում Իտալիայի հարավային հատված: «Հարավային գազային միջանցք» նախագծի արժեքը 40 մլրդ դոլար է, երկարությունը'3500 կմ:

Անդրադրիատիկ գազատարի նախագիծը հաստատվել է 2013 թ., շինարարությունը սկսվել է 2016 թվականին: 2018-ին գազատարը միացվեց Թուրքիայի Անդրանատոլիական գազատարին: Անդրադրիատիկ գազատարի բաժնետերերն են՝ բրիտանական BP (20%), ադրբեջանական SOCAR (20%), իտալական Snam (20%), բելգիական Fluxys (19%), իսպանական Enagas (16%), շվեյցարական Swis Axpo (5%): Ծրագրի արժեքը 3,9 միլիարդ դոլար է: Գազատարի երկարությունը 878 կմ է: