Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ ստեղծված իրավիճակում բնակչության սոցիալական աջակցության ծրագրերի և ենթակառուցվածքների վերականգնման խնդիրների թեմայով:

Իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունների պատասխանատուները:

Երկրի ղեկավարը նշել է, որ օր առաջ պետք է ավարտել ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ շրջաններում: Նախագահի խոսքով՝ պետք է գործադրել բոլոր ջանքերը բնակիչների վերադարձի կանոնավոր կազմակերպման և անհրաժեշտ գույքով ապահովելու ուղղությամբ:

Անդրադառնալով անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջին փուլում պետք է լուծել ՀՀ տարածքում նրանց կեցության խնդիրները՝ համագործակցելով ՀՀ պետական լիազոր մարմինների հետ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ստեղծված իրավիճակին վերաբերող այլ հարցեր: