ՌԴ ԱԻ նախարարությունը նոյեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղ է ուղարկել առաջին հումանիտար շարասյուները: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ-ից:

Հատուկ տրանսպորտով տեղափոխվում են շինանյութեր' սոցիալական ենթակառուցվածքների ու տուժած բնակիչների տների վերականգնման համար: Նախարարությունը ձևավորել է երկու ավտոշարասյուն, որոնք հումանիտար օգնություն կհասցնեն Ստեփանակերտ: Գործի է դրվել 35 միավոր տեխնիկա և շուրջ 40 հոգանոց անձնակազմ:

ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչները քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ կշարունակեն գնահատել Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում ու Ասկերանում տուժած շինություններին հասցված վնասը: Ներկա դրությամբ ստուգվել է 43 բնակավայր, ավելի քան 2.6 հազար օբյեկտ է հետազոտվել, դրանցից 2,4 հազարը բնակելի տներ են, այդ թվում' բազմաբնակարան, և ավելի քան 200 սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտներ: