«Մեր երկրի ներսում հերթական անգամ ստեղծվել է սարդարապատային իրավիճակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հայտնի ազատամարտիկ, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

«Սարդարապատային, որովհետև իրավիճակն այնպիսին է, որ եթե այսօր հայերս մեր մեջ ուժ չգտնենք հասնելու վերկուսակցական, վերխմբակային շահերի հոգեվիճակին, մենք տանու ենք տալու ամեն իմաստով»,- նշեց նա:

Իսկ ելքն այս իրավիճակից Սեֆիլյանը տեսնում է միայն համայն հայության մեկտեղման դեպքում:

«Սարդարապատ» շարժման անդամն ասաց, որ իրենք պատրաստ են եղել այսօր ստեղծված ներքաղաքական իրավիճակին և գիտեն, թե ի՞նչ պետք է անել դրանից դուրս գալու համար: «Մենք ունենք հստակ ծրագիր' ինչ պետք է արվի, և այդ ամբողջը մենք փոխանցել ենք Րաֆֆի Հովհաննիսյանին, այդ մասին մենք պարբերաբար բարձրաձայնել ենք»,- ասաց Սեֆիլյանը: Ըստ նրա' պետք է խուսափել հերթական անգամ փակուղի մտնելուց և շարժվել ճիշտ ուղիով, իսկ ճիշտ ուղին, ըստ նրա, գործող ռեժիմի պարտադրած խաղի կանոններից հրաժարվելն են:

Իսկ «Սարդարապատի» առաջարկած ծրագրի սկսման հարմար պահ նա համարեց ապրիլի 9-ը, երբ, ինչպես հայտնի է, Ազատության հրապարակում տեղի կունենա զուգահեռ երդմնակալության արարողություն' Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ:
«Մեր պատկերացմամբ' ապրիլի 9-ը պետք է լինի զուգահեռ իշխանություններ ձևավորելու, ինքնակազմակերպման սկիզբը: Անշուշտ, որքան շատ լինի ներկայություն այդ օրը, այնքան մեր գործը կհեշտանա, ուստի առիթից օգտվելով' կոչ ենք անում մեր ժողովրդին ապրիլի 9-ին հնարավորինս չնստել տանը և ներկա լինեն Ազատության հրապարակում' առավոտյան ժամը 11-ից սկսյալ»,- հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:

Վերջինից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան նամակագրության և սկսված երկխոսության մասին:

Այս մասին Սեֆիլյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկների գլխավոր նպատակն, ըստ նրա, երկրի ներսում իշխանոփոխությունը հնարավորինս փափուկ կերպով ապահովելն է: Սակայն միաժամանակ ազատամարտիկն անիմաստ համարեց այդ ամենը, որովհետև, ինչպես ինքն արտահայտվեց, «դիկտատորների հետ այդ ձևով չեն խոսում, դիկտատորներին չեն փորձում համոզել' հեռանալ իշխանությունից, դիկտատորներին պարտադրում են, որ հեռանա»:

«Ուստի այդ երխոսությունը ես ամբողջությամբ անիմաստ եմ համարում և վնասարար շարժմանը, քանի որ ժողովրդի զգալի մասի մոտ «իշխանություններ» հասկացությունը խիստ բացասական արձագանք է առաջացնում, ուստի որևէ շփում այս ռեժիմի պարագլխի կամ այդ շրջանակների հետ, միայն ի վնաս շարժման և Րաֆֆի Հովհաննիսյանի է: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանն ունի պայքարի իր քաղաքական մշակույթը, որքան էլ այդ մարտավարությունը ես անձնապես չընդունեմ, ես պարտավոր եմ հարգել, միաժամանակ հուշել մեր պատկերացրած մարտավարություններն ու ռազմավարությունը»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը և ավելացրեց. «Իմաստ չունի հայտնի գցող Սերժ Սարգսյանի հետ որևէ բանակցությունների մեջ մտնել»: