Նոյեմբերի 9-ին Ազգային ժողովի շենք ներխուժած և քրեական գործով մեղադրյալ Գառնիկ Պետրոսյանը օրեր անց Կիևյան կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Գառնիկ Պետրոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը հերքեց մամուլում տարածված տեղեկությունները, թե իր պաշտպանյալին նվաստացրել են ԱԱԾ-ում, ինչն էլ կարող էր պատճառ դառնալ ինքնասպանության. «Ես ներկա եմ եղել հարցաքննությանը, նման բան տեղի չի ունեցել, այնտեղ ոչ ոք նույնիսկ վիրավորական արտահայտություն չի հնչեցրել իմ պաշտպանյալի հասցեին: Արտառոց ոչինչ չի եղել, ինչը կարող էր նրան դրդել այդ քայլին: Ընդհակառակը, հաշվի առնելով իմ պաշտպանյալի խիստ հուզական հոգեվիճակը, քննիչը շատ հարգալից վերաբերմունք է ցույց տվել նրան» – ասաց նա:

Աղաջանյանը նշեց՝ ըստ ընթացակարգի՝ որպես պաշտպան ներգրավվելուց հետո, պաշտպանյալներին բացատրում են նրանց իրավունքներն ու պարտականությունները. «Պարտադիր հետաքրքրվում ենք՝ արդյոք իրենց նկատմամբ բռնություն, սպառնալիք կիրառվե՞լ է, թե՞ ոչ: Ես Գ. Պ-ին հարցրել եմ, ինքը հայտարարել է, որ իր նկատմամբ որևէ բռնի մեթոդ, խոշտանգում, նվաստացում չի եղել», - նշեց նա:

Նրա խոսքով՝ Գառնիկ Պետրոսյանը քննչական մարմնից դուրս է եկել նորմալ վիճակում, որ գնա տուն, սակայն հաջորդ օրը՝ նոյեմբերի 13-ին արդեն իմացել են ինքնասպանության մասին լուրը:

Նշենք, որ Գառնիկ Պետրոսյանը նոյեմբերի 9-ին Ազգային ժողովի շենք ներխուժած անձանցից մեկն էր, որը մեղադրվում էր ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով՝ զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով 301–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու մեջ։

Սոնա Հարությունյան