Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստին: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահի պաշտոնակատար Թալանթ Մամիտովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Վարչապետ Փաշինյանը ելույթում անդրադարձել է նաև ԼՂ-ում իրավիճակին.

«Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Արցախի ու Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբն այսօր հանդիսանում է այս տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման երաշխավորը: Այս առումով, ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բացառիկ դերը:

Ռազմական գործողությունների 44 օրվա ընթացքում մենք եղել ենք մշտական կապի մեջ և քննարկել անհրաժեշտ քայլերը՝ արյունահեղության դադարեցման և մարդկանց կյանքը պաշտպանելու համար: Վլադիմիր Վլադիմիրիի հետ այսօր ևս սերտորեն աշխատում ենք այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են՝ անհետ կորածների որոնումը, ռազմագերիների, պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակումը»։