Սյունիքի մարզի բոլոր համայնքները հանդես են եկել Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության հրաժարականի պահանջով: Դժվար չէ կռահել, թե ինչու այս ձևակերպված պահանջը առաջինը հնչեց հենց Սյունիքից: Մարզը Նիկոլ Փաշինյանի մեկ գրչի հարվածով դարձել է սահմանամերձ և ով, եթե ոչ այս մարզի բնակիչները և ղեկավարները պետք է հատկապես սուր կերպով զգան վտանգները: Սյունիքը, ըստ էության, մեսիջ է հղում մյուս համայնքներին և հետաքրքիր է, թե ովքեր կլինեն ՀՀ այն համայնքապետերը, որոնք խիզախություն կունենան միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:

Մի բան ակնհայտ է, Նիկոլ Փաշինյանի թիմը այդպես էլ հեղափոխությունը մարզեր չարտահանեց, թեև խոստացել էր: Վերջին երկու տարիների ընթացքում ՏԻՄ ընտրություններում Փաշինյանի քաղաքական ուժը որպես կանոն պարտություն է կրել: Բոլորն էլ քաջ հիշում են մարտին ԱՅՈ-ի քարոզարշավը և այն, թե որքան սակավաթիվ էին Փաշինյանի կողմնակիցները մարզերի հրապարակներում: Բանն այն է, որ մարզերը այսօր չէ և նույնիսկ երեկ չէ, որ մերժել են Փաշինյանին և իր թիմին, դա տեղի է ունեցել այն պահին, երբ ՀՀ մարզերի բնակիչները հասկացել են, որ հեղափոխությունը իրենց կյանքը որակապես չի փոխել: Փաշինյանի նշանակած մարզպետները, թաթախվելով սկանդալների մեջ, այդպես էլ չկարողացան իրենց մարզում դառնալ լիդերներ, հարգված գործիչներ, նրանց կալիբրը այդպես էլ չաճեց: Արդյունքում մարզերի կողմից Փաշինյանի և իր թիմի դե–ֆակտո մերժումը այսօր պարզապես դառնում է դե-յուրե մերժում…