Ամբողջ շաբաթվա ընթացքում Ստեփանակերտի խաղաղապահ առաքելության կենտրոնի թեժ գծում ստացվել է ավելի քան 210 դիմում՝ անհետ կորած հայ զինծառայողների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Թեժ գծի աշխատանքի ընթացքում՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը, 214 դիմում է ստացվել անհետ կորած հայ զինծառայողների վերաբերյալ»- ասված է հաղորդագրության մեջ:

Մասնագետները ստուգել, մշակել եւ 186 զինծառայողի վերաբերյալ տվյալները փոխանցել են խաղաղապահ առաքելության կենտրոնի որոնողական խմբերին: Բացի այդ, 45 քաղաքացիների հեռախոսով տրամադրվել է հոգեբանական օգնություն, իսկ անհետ կորածների որոնման աշխատանքներում ցուցաբերված օգնության համար 9 շնորհակալական պատասխան է ստացվել:

ՌԴ ՊՆ-ից նշել են, որ մինչ օրս կենտրոն է դիմել 1900 քաղաքացի՝ իրենց անհետ կորած ազգականների որոնման, սեփականության վերադարձի եւ այլ հարցերով: