ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարության մասին, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

«Ես չեմ պատրաստվում մեկնաբանել Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը: Պարզապես պետք է հիշեցնեմ Թուրքիայի պահվածքը 1991-ից ի վեր: Նաև պետք է անդրադառնամ 100-ամյա իրադարձություններին: Հայաստանում և սփյուռքում ապրող հայերի մեծամասնությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի ուղիղ հետնորդն է: Մենք ունենք պատմական հիշողություն: 1991-ից ի վեր, առաջին իսկ օրվանից, ՀՀ իշխանությունը պատրաստակամություն հայտնեց Թուրքիայի հետ առանց նախապայմանի բարիդրացիական հարաբերություն հաստատել: 1993-ից մինչև հիմա մենք ականատես ենք շրջափակման, դիվանագիտական հարաբերություններ հասատատելուց հրաժարվելու և անցած 30 տարվա ընթացքում Հայաստանի հանդեպ ագրեսիվ վերաբերմունքի»,- ասել է Այվազյանը՝ հիշեցնելով, որ 2008-2009 թթ. հայկական կողմը նախաձեռնել է «ֆուտբոլային դիվանագիտությունը»՝ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման նպատակով:

Նախարարի խոսքով՝ այն ավարտվեց Ցյուրիխում արձանագրությունների ստորագրմամբ, որոնք այդպես էլ մնացին թղթի վրա, քանի որ Թուրքիան հերթական անգամ հրաժարվեց իրականացնել ստանձնած պարտավորությունները՝ օգտագործելով տարբեր քաղաքական պատճառներ:

«Այս տարվա ապրիլի 24-ի նախօրեին, երբ ամբողջ հայ ժողովուրդը պետք է նշեր առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը օրը, Թուրքիայի նախագահն արեց սադրիչ հայտարարություն, որով, ըստ էության արդարացնում էր Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը: Դա հերթական անգամ ապացուցեց, որ Անկարան պատրաստ չէ հարաբերությունների նորմալացմանը: Էլ չեմ ասում հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած սրացման մասին:

Թուրքիան սկսեց բացահայտորեն սպառնալ Հայաստանին՝ նախագահի, ԱԳ և ՊՆ նախարարների մակարդակով: Դա շարունակվեց ընդհուպ մինչև սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ ագրեսիայի մեկնարկը: Ես արդեն նշեցի, որ Թուրքիան հանգուցային դեր խաղաց Արցախի դեմ պատերազմի սանձազերծման գործում, սպառնում էր անմիջականորեն Հայաստանի Հանրապետությանը, խիստ բացասական դեր ունեցավ այդ ամբողջ ընթացքում, ներմուծեց վարձկան ահաբեկիչներին:

Թուրքիան նաև անմիջական մասնակցություն էր ունենում մարտական գործողություններին՝ հաճախ իր ձեռքը վերցնելով դրանց ղեկավարումը: Երեք անգամ վիժեցրեց մարտական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունները: Առաջին անգամ, հիշում եք, այստեղ երկարատև բանակցությունից հետո ձեռք բերվեց առաջին պայմանավորվածությունը: Հետագայում նաև ԱՄՆ և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերվող պայմանավորվածությունները խաթարվում էին հենց Անկարայի բացասական դերակատարության պատճառով»,- հավելել է նախարարը:

Այվազյանի խոսքով՝ մենք, իհարկե, ցանկանում ենք ապրել խաղաղ տարածաշրջանում և բարիդրացիական հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ, սակայն կարծում է՝ դրան հասնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել իր թվարկածի թեկուզ մի փոքր մասը:

«Անկարան կարիք ունի վերանվաճել մեր վստահությունը, որը կորել էր այս ամբողջ ժամանակի ընթացքում: Կտեսնենք, թե ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ միջազգային հանրության վստահությունը վերականգնելու ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկում Անկարան: Դրանից հետո միայն կգնահատենք, թե որքանով են անկեղծ նրա խոսքերը Հարավային Կովկասի նոր փուլի վերաբերյալ»,- եզրափակել է խոսքը նախարարը: