19-ամյա Կարեն Գասպարյանը հերոսացել է Հադրութի համար մղվող մարտերի ընթացքում: Դիրքում երեք ժամկետային զինծառայողներով են եղել, այդ թվում՝ անմահացած Սարմենը: Իրենց հետ նաև կամավորներ են եղել, նահանջի հրաման են ստացել, սակայն ժամկետայինները չեն ենթարկվել հրամանին ու առաջ են գնացել: Առաջինը Սարմենն է զոհվել, հետո վիրավորվել է զինակից ընկերներից մեկը, որից հետո՝ Կարենը:

Հերոսի քույրը՝ Ռուզաննա Գասպարյանը, ԼՈՒՐԵՐ.com-ին պատմում է, որ Կարենը վիրավորվելուց հետո արնաքամ է եղել, ապա՝ կորցրել գիտակցությունը: Ասում են՝ Կարենին բուժկետ են հասցրել ու այդտեղ է մահացել, որոշ խոսակցությունների համաձայն էլ՝ տեղում է մահացել: Ընտանիքը չգիտի, թե իրականում դեպքն ինչպես է եղել, իսկ զինակից ընկերը, որ տեսել է ամեն ինչ, ծանր վիճակում է և չի կարողանում խոսել:

«Կարենիս «դեշեկայով» են խփել, կրծքավանդակի հատվածում էր վիրավորում ստացել, ոտքերին ու ձեռքերին «ասկոլկաների» հետքեր կային: Դեպքը պատահել է հոկտեմբերի 5-ին, բայց մենք իմացել ենք 7-ին: Մինչ այդ էլ առաջնագծում է եղել, ասում էր՝ ամեն ինչ լավ է»,- ցավով նշում է Ռուզաննան:

Կարենն ընկերուհի ուներ, երկար ժամանակ շփվել, բանակ զորակոչվելուց առաջ էլ նշանվել էին, խոստացել էր վերադառնալ ու մեծ հարսանիք անել:

Դպրոցում բոլորի սերն ու հարգանքն էր վայելում Կարենը, մարզիկ էր, արդեն հասցրել էր ոլորտում բազում հաջողություններ գրանցել...

Կարենը ձեռքի շնորհ ուներ. փայտից, քարից հետաքրքիր պատկերներ էր ստանում, բայց վաճառելու փոխարեն՝ նվիրում էր:

«Բազմակողմանի զարգացած էր Կարենս, պարզ, հասարակ, պատրաստակամ բոլորին օգնելու: Լուսավոր Կարենը տարբերվում էր բոլորից, շատ նպատակներ ու երազանքներ ուներ, ինքն էլ նպատակասլաց էր, ստեղծող ու անընդհատ աշխատում էր»,- հուզմունքը զսպելով` ասում է Կարենի քույրը:

Ինչպես հերոս Կարենի շատ երազանքներ ու նպատակներ կիսատ մնացին, այնպես էլ իր սերը կիսատ մնաց...

Արփինե Հակոբյան