ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով նոր զեկույցի մասին, որը կուղարկվի միջազգային մարմիններին:

 

«Մեր համատեղ նոր զեկույցն է՝ «Ադրբեջանում կազմակերպված ատելության խոսքը և թշնամանքն էթնիկ հայերի նկատմամբ` որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արմատական պատճառներ»:

Զեկույցը հիմնավորում է էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականությունը տեռորիստական մեթոդներով: Զեկույցն ապացուցում է, որ այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը տարիների թշնամանքի քարոզի ու կազմակերպված հայատյաց քաղաքականության հետևանք են:

 

Զեկույցը նաև ապացուցում է, որ հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն օգտագործվում և խրախուսվում է մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ հաճախ թիրախում ունենալով երեխաների:

Ադրբեջանական զինծառայողները հստակ գիտակցում են, որ հայերի խոշտանգումը ոչ միայն մնալու է անպատիժ, այլև արժանանալու է իշխանական ու հասարակական գովասանքի:

Հրապարակվում են մի շարք հատվածներ զեկույցից: Այն կուղարկվի միջազգային մարմիններին:

նորհակալ ենք Անժելա Էլիբեգովային և Սամվել Մարտիրոսյանին՝ համագործակցության համար զեկույցը կազմելիս»,- գրել է Թաթոյանը։