Ինչպես արդեն հայտնել ենք, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մամուլը գրում է, որ Սարգսյանը աշխատանքի է անցնելու արդեն գործադիրում, ամենայն հավանականությամբ, տարածքային կառավարման նախարարությունում: Հրաժարականը, սակայն, միակ առիթը չէր, որպեսզի հանրությունը հիշի մարզպետ Սարգսյանին:

Բանն այն է, որ երեկ մարզպետարանի դիմաց խաղաղ ցույց անող քաղաքացիների վրա էին հարձակվել և տղայական ռազբորկաներ սկսել մարզպետի օգնականը և մարզպետարանի մյուս աշխատակիցները: Բացի այդ էլ՝ երեկ սկսեցին բերման ենթարկվել մարզի այն համայնքապետերը, ովքեր հանդես էին եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Դասականի ասած՝ ինչպես հին և բարի ժամանակներում: Ընդհանրապես, մարզի բնակիչների կյանքում այդ հին ու բարի ժամանակներից, կարծես թե, ոչինչ չի փոխվել, մինչդեռ Սարգսյանը խոստանում էր կոռումպացված մարզ բերել հեղափոխությունը:

Իսկ արդյունքում եղավ այն, որ հեղափոխության սիմվոլներից մեկը, հասարակ գյուղապետը, ով 2018-ին դուրս եկավ իշխանությունների դեմ և բարձրացավ հեղափոխական հարթակ, երկու տարի անց ոչնչով չի տարբերում այն իշխանության ներկայացուցիչներից, որոնց մերժում էր այդ նույն հարթակներից:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, իրավամբ, կարելի է համարել Փաշինյանի ձախողված թիմի հավաքական պատկերի մարմնավորում: Սարգսյանն այն մարզպետն է, ով նշանակվելուց մինչ օրս չի լուծել որևէ լուրջ խնդիր, չի բերել որևէ լուրջ ներդրում, փոխարենը, գրեթե յուրաքանչյուր օր հայտնվել է այս կամ այն սկանդալի կիզակետում: Երբ մարզպետին հարցնում են, թե ինչու է մարզպետարանը սարքել ընտանեկան «դուքյան», նա փառահեղ պատասխան է տալիս' հայտարարելով, որ մենք բոլորս ունենք կրթված բարեկամներ, հարազատներ, ընկերներ, որոնք կարող են պաշտոններ զբաղեցնել թե՛ մեր ենթակայության տակ գործող հիմնարկներում, թե՛, առհասարակ, Հայաստանում նրանք պետք է իրենց տեղը գտնեն, աշխատանք ունենան։ Ի դեպ, հենց խնամի-ծանոթ-բարեկամներ աշխատանքի դասավորելու մեջ էլ հաճախ մեղադրում էին նախկին իշխանություններին, իսկ գուցե նրանք էլ էին պարզապես իրենց կիրթ և գրագետ բարեկամներին առաջ տանում…

Մարզպետի «մորքուրի հարսը» մարզպետարանի «դեմքն» է և ունի մի շարք արտոնություններ, ասենք՝ աշխատանքային օրերին կարող է մեկ շաբաթով գնալ Դիլիջան՝ «Դիլիջան Ռեզորթում» հանգստանալու, այնտեղից մտնել համացանց և նկարներ հրապարակել իր ընտանեկան երջանիկ պահերից ու այդ օրերի համար նույնպես աշխատավարձ ստանալ, դեռ մի բան էլ՝ պարգևավճար: Մյուս քրոջ ամուսինը՝ Կարապետ Հարությունյանը, Գարիկի ջանքերով նշանակվել է Արարատի մարզային ՃՈ պետ: Երիտասարդ մարզպետն աչքաթող չի արել նաև իր «բաջանաղին»՝ Արտավազդ Նազարեթյանին, ով մարզպետի կնոջ հորեղբոր փեսան է: Այսպիսի երևույթներ մարզում և ընդհանրապես Հայաստանում, եղել են նաև մինչև հեղափոխությունը և հենց այս երևույթները մերժելու համար էին մարդիկ հազարներով դուրս եկել փողոց:

Սարգսյանի մեկ այլ մտքի գոհարն էլ վերաբերվում էր իրավապահ մարմիններին: Մարզպետը իրենից անչափ գոհ հայտարարում էր, որ ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է, այնուհետև Սարգսյանը ստիպված եղավ ճշտում մտցնել իր խոսքերի մեջ' հայտարարելով, որ իրեն սխալ են հասկացել: Հենց այս գաղափարով էլ ժամանակին առաջնորդվում էին նրանք, ում մերժելու համար ոտքի էր կանգնել Նոր Կյանք գյուղը և գյուղապետ Սարգսյանը:

Ամիսներ առաջ Նորաշենի ավագանին համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու որոշում էր կայացրել, ինչը, սակայն, ըստ գյուղացիների, մարզպետ Սարգսյանի ձեռքի գործն էր, քանի որ, արդեն նախկին գյուղապետը խորհրդարանական արտահերթ ընտրություններին մարզպետին աջակցելու փոխարեն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանին է աջակցել: Լյուբիմչիկներ ունեին նաև նախկին մարզպետները, այս առումով ևս Սարգսյանը ոչնչով չզիջեց նրանց:

Իսկ թե քանի անգամ են Արարատի մարզպետին դատի տվել՝ նույնիսկ հաշվելն է բարդ: Մի բան ակնհայտ է, վերջինս ՀՀ այն պաշտոնյաների ցանկում է, ովքեր ամենաշատն են հայտնվել դատական հայցերի թիրախում:

Ամիսներ առաջ էլ Սարգսյանն իրեն մեկ րոպե ուշ պատասխանելու համար աշխատանքից ազատել էր աշխատակազմի ղեկավարին, դա էլ դեռ բավական չէր՝ անմիջապես այդ դեպքից հետո մարզպետը հայտնվեց ևս մեկ սկանդալային պատմության կիզակետում. Գարիկ Սարգսյանի վարորդը մի քանի այլ երիտասարդների հետ գնացել ու պարզաբանում է պահանջել վարսավիրից, ով չի կարողացել մարզպետին արտահերթ սպասարկել և այդ ամենը հանգեցրել է նրան, որ վերոնշյալ անձինք վարսավիրին ծեծի են ենթարկել: Սամասուդները, մարդկանց ծեծի ենթարկելը, իշխանությունը կրողներին անպատժելիությունը և բեսպրեդելը՝ դա այն էր, ինչը 2018-ին մերժում էր գյուղապետ Սարգսյանը, սակայն, դա այն է, ինչ 2020-ին ընդունելի է մարզպետ Սարգսյանի համար:

Իսկ ամենազավեշտալին այս ողջ պատմության մեջ կարելի է համարել Սարգսյանի այն միտքը, որ փողոցներ փակելը հարցի լուծման ողջամիտ տարբերակ չէ: Եթե սա ասեր 2018-ին ՀՀԿ-ական որևէ պաշտոնյա, ապա որևէ մեկը, իհարկե, չէր զարմանա, սակայն առավել քան զավեշտալի է դա լսել մարզպետից, ով գյուղապետից հասավ իր պաշտոնին հենց այս ոչ ողջամիտ ճանապարհով:

Իրականում, տպավորություն է, որ, եթե Գարիկ Սարգսյանը լիներ մարզպետ նախորդ իշխանությունների օրոք, ընդդիմադիր Փաշինյանը կպահանջեր ոչ միայն ազատել վերջինիս աշխատանքից, այլ նաև կալանավորել, այդ աստիճան է վերջինս պաշտոնավարումից ի վեր հոգով և սրտով դարձել նման այն իշխանությունների ներկայացուցիչներին, որոնց դուխով մերժում էր 2018-ին…