Աշխարհի քարտեզի վրա 1918թ. հայտնված Ադրբեջան պետության նախագահ Իլհամ Ալիևն օգտագործել է Բաքվում ռազմական շքերթի առիթն իր տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ ի ցույց դնելու համար: Նա հայտարարել է, թե իբր Զանգեզուրն ու Երևանն ադրբեջանական պատմական տարածքներն են:

Իլհամ Ալիևը նշել է՝ իբր «ադրբեջանական ժողովուրդը դարերով ապրել է այժմ Հայաստանի Հանրապետության սահմաններում գտնվող այդ տարածքներում, հետո տեղահանվել իրենց պատմական հողերից»:

Տասնամյակներ շարունակ Արցախի Հանրապետության տարածքների նկատմամբ ունեցած նկրտումներից հետո, այժմ Ադրբեջանի պետական քաղաքականության ռազմատենչ կուրսը փոխվել է դեպի միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության պետական սահմանները:

Բաքվում անցկացվող շքերթին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն անթաքույց քաղաքական և ռազմական աջակցություն էր տրամադրում Ադրբեջանին՝ Արցախի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում: