Մարտական գործողությունների ընթացքում Մարտունիում սկսվել ու շարունակվում է վնասված շենք-շինությունների գրանցման գործընթացը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Գևորգ Բալայանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի դրությամբ արդեն շրջանում գրանցված են տարբեր աստիճանի վնասվածքներով 1300 բնակարան, հիմնովին ավերված է 31 տուն: Բացի բնակելի տներից ու շենքերից՝ մեծ ավերածությունների են ենթարկվել ենթակառուցվածքները, ինչպես նաև 16 վարչական նշանակության շենք՝ հիմնականում՝ Մարտունի քաղաքում, 8 դպրոցական և 3 մանկապարտեզի շենքեր:

Առավել մեծ վնասներ են հասցվել Մարտունի քաղաքում, Կարմիր շուկա, Հերհեր, Թաղավարդ Կալեր, Բերդաշեն գյուղերում:

Շրջանվարչակազմում, դեկտեմբերի 10-ի դրությամբ, գրանցվել է 353 ընտանիք՝ 1650 բնակչով:

Անօթևան մնացած բնակիչներին ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով շրջանի գյուղերում շարունակվում է թափուր բնակարանների և տների գրանցման գործընթացը: Վերջին տվյալներով ունենք այդ կարգի 125 բնակելի տուն:

Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ շրջանում ունենք 418 ընտանիք՝ 1830 բնակչով, ում բնակարաններն ու ունեցվածքն ամբողջովին մնացել են հակառակորդի վերահսկողության տակ: Նշված ընտանիքներից 325-ը՝ 1492բնակչով գտնվում են Հայաստանի Հանրապետության, 93 ընտանիք՝ 338 անդամով՝ Արցախի, այդ թվում՝ 46 ընտանիք 250 անդամով՝ Մարտունու շրջանի տարածքում: Տեղահանված 39 ընտանիք արդեն բնակվում է Մարտունի քաղաքում, բավարարված է ժամանակավոր կացարաններով, որոնց բնակվարձը կտրամադրվի համապատասխան ծրագրի շրջանակներում:

Երկու պատասխանատուներն էլ նշեցին, որ ստեղծված իրավիճակի հետ կապված ուսումնասիրությունները շարունակվում են: Զուգահեռ նաև աշխատանքներ են տարվում անօթևան մնացած ու աջակցության կարիք ունեցող ընտանիքների հետ, հնարավորինս նրանց օգնում տարբեր ծրագրերի շրջանակներում: