ՄԱԿ-ը պահպանում է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու իր մտադրությունը և կոչ է անում բոլոր կողմերին համագործակցել, որպեսզի դա հնարավորինս շուտ լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՏԱՍՍ»-ի հարցին ի պատասխան, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ տարածաշրջանի բնակիչների կարիքները գնահատելու համար առաքելությունը պետք է Լեռնային Ղարաբաղ ժամանի դեկտեմբերի սկզբին, բայց դա դեռ տեղի չի ունեցել: «Ես չէի ասի, որ խոչընդոտներ կան: Մանրամասները դեռ մշակվում են»,-ասել է Դյուժարիկը:

«Ինչպես արդեն նշել եմ, մենք պատրաստ ենք բավարարել հակամարտություններից տուժած բոլոր անձանց հումանիտար կարիքները: ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի և այլ ստորաբաժանումների մեր գործընկերներն աշխատում են բոլոր ներգրավված կողմերի հետ՝ հումանիտար կարիքների անկախ գնահատումներ իրականացնելու»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Նա կոչ է արել բոլոր կողմերին համագործակցել ՄԱԿ-ի հետ' առաքելության շուտափույթ տեղակայումը հեշտացնելու համար: