Ազատության հրապարակում ելույթ է ունեցել նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը: Նա հայտարարել է, որ մինչեւ ապրիլի 9-ը, իշխանության յուրացման բոլոր մասնակիցները՝ այդ թվում նաեւ արտերկրից, որոնք օրինականացնում են կեղծ ընտրությունները, թե Հայաստանում կեղծիքին նպաստող քաղաքացիները, պետական մարմինները, դեռ ժամանակ ունեն ընդունել որոշում, որը որ թույլ չի տա այդ հանցագործությունը հասնի իր ավարտին:
«Բոլորս հասկանում ենք, որ անավարտ հանցագործությունը հանցագործություն է: Բայց լիովին այլ է անավարտ հանցագործությունը: Դա այն շրջադարձ օրն է, որ բոլոր այդ մարդկանց համար էլ ներում, բեկում չի լինի», հայտարարել է Ղուկասյանը:
Նա նշել է, որ ապրիլի 9-ը այն օրն է, որ Սերժ Սարգսյանն իր բոլոր հանցակիցներին հավաքելու է մեկտեղ: Այսինքն, ըստ Ղուկասյանի, բոլոր նեխած ձվերը հավաքվելու են մեկ զամբյուղի մեջ: Նա նշել է, որ ժողովուրդը իրավունք ունի փակել այդ բոլորին այդ տեղում եւ դուրս չթողնել, մինչեւ որ նրանք չկատարեն ժողովրդի պահանջները:
Անդրեաս Ղուկասյանը դիմել է Րաֆֆի Հովհաննիսյանին եւ ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ունեցած 500 հազարից ընդամենը 50 հազար մարդ է խնդրում, որպեսզի իր գլխավորությամբ այդ նեխած ձվերը փակի այդ զամբյուղում: Բայց դա, ըստ Անդրեաս Ղուկասյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի որոշելիքն է: