Եվրոպական միությունը հայտնել է Հայաստանի կառավարությանը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանին 9 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ գրասենյակից, ԵՄ որոշումը դատական եւ իրավական բարեփոխումների եւ հակակոռուպցիոն ռազմավարությունների, մակրոտնտեսական կայունության, պետական ֆինանսական կառավարման եւ պետական բյուջեի թափանցիկության բարեփոխումների իրականացման առաջընթացի դրական գնահատանքի արդյունք է։

Համաձայն ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստանդարտներին եւ հարակից ԵՄ-Հայաստան արդարադատության ոլորտի բարեփոխման ռազմավարական քաղաքականության երկխոսությանը՝ աջակցության այս փաթեթը կնպաստի արդարադատության համակարգում բարեվարքության եւ հաշվետվողականության ամրապնդմանը, ժամանակակից եւ որակյալ դատական ծառայությունների մատչելիության բարելավմանը եւ Հայաստանում մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը։

Նշվում է, որ, կատարելով ֆինանսական ուղղակի ներդրում՝ ԵՄ-ն ընդգծում եւ աջակցում է ՀՀ կառավարության գովելի ջանքերն՝ ուղղված դատական եւ իրավական ոլորտի կարեւոր, համապարփակ օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջխաղացմանը, եւ՝ դրանով իսկ, ընդհանուր գործարար միջավայրի բարելավմանը։ Հայտարարված աջակցությունը տրամադրվում է ի լրումն Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության տարածաշրջանում Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) եւ «ԵՄ-ն հանուն բարեվարքության» շրջանակներում տարբեր նախաձեռնությունների միջոցով տրամադրվող այլ գործիքներին՝ ուղղված տեխնիկական աջակցության տրամադրմանը եւ կարողությունների զարգացմանը։

«Ես ողջունում եմ այսօր հայտարարված Հայաստանի համար բյուջետային աջակցության վերաբերյալ այս շատ կարեւոր հատկացումը։ Եվս մեկ անգամ, ԵՄ-ի եւ Հայաստանի քաղաքացիներն ու ինստիտուտները միավորվում են լավ կառավարման եւ օրենքի գերակայության ուղղությամբ բարեփոխումների իրականացման նպատակի շուրջ: Եվրոպական միությունն ու իր անդամ պետությունները նպաստում են Հայաստանի դատական եւ դատախազական մարմինների հաշվետվողականության բարձրացմանը եւ պահանջում զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ։ Մենք կիսում ենք մարտահրավերը եւ միայն միասնաբար կկարողանանք հասնել հաջողության»,-նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։

«Նախ կցանկանայի ընդգծել, որ 9 միլիոն եվրոյի հատկացումը արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված ընդհանուր 30 միլիոն բյուջեի առաջին տրանշի արժեքն է։ Կարեւոր է նաեւ վերահաստատել, որ դատաիրավական եւ հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացումը շարունակում է մնալ մեր կառավարության գերակա ուղղությունները, եւ մենք ուրախ ենք փաստել, որ այս մեկ տարվա ընթացքում ձեռք բերված լավ առաջընթացը արժանացել է նաեւ մեր եվրոպացի գործընկերների գնահատանքին: Մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանը արդարադատության ոլորտի ուղղությամբ շարունակական աջակցության եւ արդյունավետ համագործակցության համար»,-նշել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: