Վրաստանի քաղաքացի Ալեքսանդր Ուսոևի՝ Հայաստանում «նախապատրաստվող հանցագործության մասին հաղորդումը»՝ Երևանի երկաթգծի կայարանում պայթյուն կազմակերպելու մասին կեղծ տեղեկատվությունը շրջվել ու բումերանգի նման հարվածել է իրեն՝ վերաճելով սուտ մատնության մեղադրանքի:

Վրաստանի քաղաքացին 2012 թվականի դեկտեմբերի 5-ին նստելով «Թբիլիսի-Երևան» գնացքը, հայ-վրացական սահմանն անցնելու ժամանակ, սկզբում այդ գնացքի պետին, այնուհետև նրա միջոցով էլ ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակիցներին սուտ տեղեկատվություն է տվել, իսկ 2012 թվականի դեկտեմբերի 6-ին էլ հաղորդմամբ դիմել է ՀՀ ԿԱ ԱԱԾ և հայտնել, որ 2012 թվականի դեկտեմբերի 5-ին ժամանել է Վրաստանից Հայաստան, որպեսզի հաջորդ օրը ՀՀ Տաշիր քաղաքում հանդիպի Վրաստանի Հանրապետության քաղաքացի Թեոդորե Գսոյանին/ցուցմունքով Ֆեդյա Դսոև/ ու վերջինիս հետ միասին դիմավորեն Վրաստանից նույն օրը ժամանող ՎՀ քաղաքացի Էդիկ Սիմոնյանին և կեղծ անձնագրերով, ազգությամբ ադրբեջանցի երկու անձանց, որոնք պետք է Հայաստան տեղափոխեն «գեկսոգեն» տեսակի պայթուցիկ նյութ' երկաթգծի կայարանում 2012 թվականի դեկտեմբերի 27-ին պայթյուն կազմակերպելու համար:
Նախաքննական մարմնի գնահատմամբ, Ալեքսանդր Ուսոևի գործողությունների հետևանքով խաթարվել է իրավապահ մարմինների նորմալ գործունեությունը, հարկադրված ուժեր և միջոցներ են վատնվել նրա կողմից հաղորդված ակնհայտ սուտ տեղեկությունների ստուգման և պարզաբանման համար:

Ինքը՝ Ուսոեւը ոչ նախաքննության և ոչ էլ դատաքննության ընթաքցքում մեղավոր ճանաչելու կամ չճանաչելու հարցում դիրքորոշում չի արտահայտել և հայտարարել, որ հրաժարվում է տված հաղորդումից: Նա պատճառաբանել է, թե հայտարարել է, որ տառապում է հոգեկան հիվանդությամբ, որի սրացման ժամանակ չի հասկանում, թե ինչ է անում և որ հաղորդում տվել է այդպիսի պահի, հաղորդում իրականում չի եղել, նա ուղղակի լինելով ալկոհոլի ազդեցության տակ որոշել է կատակ անել գնացքի աշխատակցի նկատմամբ: Պարզվում է, ըստ նրաԱԱԾ աշխատակիցների մոտ հաղորդում և բացատրություն տալիս եւս եղել է ոչ սթափ վիճակում և չի գիտակցել, թե ինչ է հայտնում: Որևէ ազգությամբ ադրբեջանցի անձի հետ չի պատրաստվել Վրաստանից Հայաստան տեղափոխել «գեկսոգեն» տեսակի պայթուցիկ' ՀՀ տարածքում դիվերսիա կատարելու համար: Ըստ Ա.Ուսոևի, «գեկսոգեն» անվանումը լսել է հեռուստատեսային ինչ-որ հաղորդման ժամանակ: Ֆյոդր Գսոյանն ու Էդիկ Սիմոնյանը նույնպես ադրբեջանցիների հետ առնչություն չեն ունեցել, նրանցից առաջինին ինքն ճանաչել է 2007թվականից, երբ աշխատել է ՀՀ Տաշիր քաղաքում ու նրանից իմացել է, որ նա այդ քաղաքում թաքնվում է Վրաստանի իրավապահ մարմիններից սպանություն կատարելու համար, իսկ Էդիկ Սիմոնյանի հետ միասին պատիժ է կրել է Վրաստանի նույն բանտում և ազատվելուց հետո, հիվանդության հերթական սրացման պահին, նույնիսկ հաղորդում է տվել Վրաստանում, հայտնելով, թե իբրև վերջինս սպանություն է կատարել Հայաստանում: Բացատրության մեջ նշած Վրաստանի անվտանգության ծառայության աշխատակից Դաթո Պորչխիձեյին ճանաչում է, քանի որ վերջինս իր նկատմամբ նախկինում, Վրաստանում քննվող քրեական գործով քննիչի աշխատասենյակում իրեն հարցեր է տվել:

Վերոհիշյալ այս ցուցմունքները ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության դատախազ Գ.Տիգրանյանն իր մեղադրական ճառում գնահատել է որպես իրականությանը չհամապատսխանող ցուցմունքներ, որոնք տրվել են քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակով:

Ըստ Տիգրանյանի, Ուսոեւի պատճառաբանությունները հերքվել են այդ թվում վկաների ցուցմունքներով։ «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ ուղևորափոխադրումների սպասարկման «Երևան-Թբիլիսի» գնացքի պետ Գագիկ Գրիգորյանը ցուցմունքի համաձայն, 2012թ. դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը, Թբիլիսիից Երևան գալու ճանապարհին, դեռևս 5-ի երեկոյան ժամը 21-ի սահմաններում Մառնեուլիի տարածքում, իրեն է մոտեցել ուղեցորդ Անդրանիկ Շահնազարյանը և հայտնել, որ իր ուղևորներից մեկը, ազգությամբ վրացի, ցանկանում է զրուցել իր հետ, այնուհետև անմիջապես մոտեցել է այդ ուղևորը և հայտնել, որ ցանկանում է առանձին խոսել անվտանգության աշխատակցի հետ: Ինքը զանգահարել է ուղևորափոխադրումների բաժնի պետին, որն էլ ասել է, որ միջոցներ կձեռնարկի ԱԱԾ աշխատակիցների հետ կապվելու համար: Որոշ ժամանակ անց իրեն է զանգահարել երկաթգծի ԱԱԾ աշխատակիցը և հետաքրքրվել, թե ինչ է ուզում ասել նշված ուղևորը: Ինքը բացատրել է իրավիճակը և ասել են, որ սահմանին կդիմավորեն սահմանապահները: Ուղևորը նշել է, որ խոսքը գնում է տեռորի մասին, սակայն այն իրականացնելու որևէ վայր չի նշել, միայն ասել է, որ Հայաստանի տարածքում տեռոր է լինելու և մանրամասն կարող է ասել միայն ԱԱԾ աշխատակիցներին:

Մոտ 20 րոպեից հասել են հայ-վրացական սահմանին, որտեղ իջեցրել են ուղևորին, վրաց սահմանապահները զննել են անձնագիրը' Ալեքսանդր Ուսոև անուն ազգանվամբ, այնուհետև մոտեցել են հայ սահմանապահները և ԱԱԾ աշխատակիցները ու վերջինիս տարել իրենց հետ:

Մեղադրող կողմը միջնորդել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանին՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, Ա. Ուսոևին դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով, ամբաստանյալ Ա.Ուսոևից հօգուտ պետության բռնագանձել քրեական գործով դատական ծախսերը ՝ 166.000 ՀՀ դրամի չափով:

Ապրիլի 8-ի դատական նիստում ճառերով հանդես կգա պաշտպանական կողմը: