Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Կապանի ուղղությամբ Կովսական-Զանգելանից մնացած հատվածը հանձնվում է թշնամուն և մեր զորքերն էլ նահանջում են: 

Ներկա պահին Զանգելանը չի հանձնվում Ադրբեջանին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

Իսկ նահանջի վերաբերյալ մեր հարցադրամանը ի պատասխան՝ ասաց. «Ես նման տեղեկություն չունեմ»:

Կապ հաստատեցինք նաև Սյունիքի մարզպետարանի մամուլի խոսնակ Արմինե Ավագյանի հետ, որը նշեց՝ այս պահին Սյունիքի բոլոր դիրքերը նույն տեղում են. «Մեկ ժամ առաջվա տվյալներով կարող եմ ասել, որ տղանները նույն դիրքերում կանգնած են: Մենք մարզպետարան ենք, շատ բաներ ՊՆ-ի վերահսկողության տակ է, ասում եմ այն, ինչ ինձ են հայտնել՝ նահանջ չի եղել»,- ասաց խոսնակը:

Արմինե Ավագյանը նաև հայտնեց, որ երեկվանից խաղաղապահները եկել են հսկելու Որոտան գյուղը` անվտանգության նկատառումներից ելնելով:

Հիշեցնենք, որ Զանգելանում սպասվելիք լարվածության մասին Նիկոլ Փաշինյանը տեղյակ էր դեռ օրեր առաջ, երբ ԱԽ նիստում անդրադարձ կատարեց Կուբաթլու և Զանգելան շրջանների իրավիճակին, ասելով, որ այդ հատվածներում սպասվում է լարվածություն: