Վաղը՝ մինչև 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

«Դրանք այն տարածքներն են, որոնք մենք զբաղեցրել էինք մինչև նոյեմբերի 9-ը՝ Կապանի անվտանգության գոտին ապահովելու համար, այն բարձունքներն են, որոնք մեզ համար առավել նպաստավոր են»,- նշեց քաղաքապետը:

Փարսյանն ասաց, որ այս մասին հստակ իմացել են այսօր առավոտյան. «Պաշտպանության նախարարությունից են հայտնել և զինվորներին հրահանգ է տրվել, որ վաղը՝ մինչև 17:00, ընդհանուր սահմանագծով դիրքերից նահանջեն»:

Քաղաքապետը նշեց, որ եռակողմ հայտարարության մեջ Զանգելանի կամ Կուբաթլուի շրջանների վերաբերյալ  որևէ խոսք չի եղել:

Նա նաև ասաց, որ Կապանում այս պահին լարված իրավիճակ է՝ քաղաքացիներն իրականացնում են բողոքի ակցիաներ, իրենք էլ հնարավոր բոլոր միջոցներով ապահովելու են կապանցիների անվտանգությունը:

Նշենք, որ Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ:

Արփինե Հակոբյան