Արցախում արդեն մեկնարկել է նոր իշխանության ձևավորման գործընթացը, որի մասին երեկ ակնարկեց նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Առաջիկայում պաշտոնները կլքեն ամենաքննադատված պաշտոնյաները, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանը:

ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանին, ում անունը կապվում է սորոսական շրջանակների հետ, փոխարինելու է օրերս ՀՀ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում գրած Աշոտ Ղուլյանը, որը նախկինում եղել է ԱՀ ԱԺ նախագահ:

Ըստ մեր հավաստի աղբյուրի՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին փոխարինելու է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանը:

ԱՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանին փոխարինելու է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, որը 2012 թվականի նախագահական ընտրություններում եղել է ԱՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբի հանրային կապերի պատասխանատուն:

Դե իսկ, Արայիկ Հարությունյանը իշխանությունը կփոխանցի ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին, որի մասին Հարությունյանը ակնարկել էր իր՝ երեկ հնչեցրած ուղերձում:

Հիշեցնենք, որ ավելի ուշ՝ հրապարակված ուղերձը խմբագրելուց հետո, Հարությունյանը խոստացավ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում վայր է դնելու նախագահական լիազորությունները, իսկ հաջորդ արտահերթ ընտրություններին չի առաջադրվելու և դուրս է գալու քաղաքականությունից:

Հարությունյանը հայտարարեց նաև, որ նշանակալի կադրային փոփոխություններ են լինելու նաև ուժային կառույցներում՝ հաստատելով կառավարության նոր կազմը:

Մինչ վերոնշյալ հայտարարությունն անելը, Արայիկ Հարությունյանը նշել էր, որ պատերազմից հետո պատրաստ էր վայր դնել նախագահի իր լիազորությունները, սակայն մի քանի հիմնական պատճառնրից ելնելով՝ չի գնացել այդ քայլին:

Արփինե Հակոբյան